Home / Հայաստան / Վճարովի կայանատեղերը գործարկող ընկերությունը պատրաստ է վաճառել բաժնեմասի 100%-ը

Վճարովի կայանատեղերը գործարկող ընկերությունը պատրաստ է վաճառել բաժնեմասի 100%-ը

«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը, որը Երևանում գործարկում է վճարովի ավտոկայանատեղերը, հայտարարել է իր 100% բաժնետոմսերը վաճառելու պատրաստակամության մասին։

Այսօր տարածած հայտարարության մեջ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը նշում է, որ «Փարկինգ Սիթի Սերվիսը» 2013 թվականի ապրիլից իրականացրել է հսկայածավալ ներդրումներ՝ իրականացնելով վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում և այլն։

«Ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժանանակշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում գերշահույթ ստանալու մասին հնչեցված և իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին։ Ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով», – նշել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում վճարովի ավտոկայանատեղերի հարցը բարձրացվել է Ազգային ժողովում։ Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացրել վճարովի ավտոկայանատեղերի, ինչպես նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության կողմից գործարկվող արագաչափերի և տեսախցիկների դեմ։