Home / Հայաստան / Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարաձգելու որոշման մեջ խախտումներ են եղել. նա կշարունակի բանտում մնալ

Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարաձգելու որոշման մեջ խախտումներ են եղել. նա կշարունակի բանտում մնալ

Մոսկվայի քաղաքային դատարանը որոշել է չերկարաձգել Կամազ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։ Հարությունյանը մեղադրվում է Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի գործով, որի հետևանքով 18 մարդ է մահացել:

Մոսկվայի դատարանի նախագահությունը խախտումներ է գտել Տվերի դատարանի՝ կալանքը երկարաձգելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ․ նյութերն ուղարկվել են կրկնակի ուսումնասիրման։

Epress.am-ի թղթակիցը մանրամասները պարզելու նպատակով զրուցել է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցի հետ, ով նշել է, որ զրուցել է Հարությունյանի փաստաբանների հետ, ըստ որոնց, եթե այսօրվա որոշումն ընդունվեր նախաքննության փուլում, Հարությունյանն ազատ կարձակվեր։ Բայց, քանի որ գործն արդեն գտնվում է դատաքննության փուլում, Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին ռուսաստանյան Պոդոլսկ քաղաքի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել է:

Հարությունյանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Վարորդը վթարի մասով առաջադրված մեղադրանքն ընդունել է։