Home / Տեսանյութեր / Ոստիկանը հարվածել է լրագրողի դեմքին․ ակտիվիստների նկատմամբ բռնություն են կիրառել նաև մեքենաներում

Ոստիկանը հարվածել է լրագրողի դեմքին․ ակտիվիստների նկատմամբ բռնություն են կիրառել նաև մեքենաներում

Ժամը 17։30-ից Ոստիկանության Կենտրոնի բաժնից սկսել են բաց թողնել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ընթացքում բերման ենթարկված ակտիվիստներին։ Բաժնում գտնվող 27 մարդուց արդեն ազատ է արձակվել մոտ տասը:

Նրանք լրագրողներին պատմել են, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել նաև ոստիկանության ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ:

Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ ակտիվիստներին սպասում են լրագրողները և մոտ 60 քաղաքացիներ: Մինչ ակտիվիստներին բաց թողնելը՝ ոստիկանները հորդորել են լրագրողներին հեռվում կանգնել՝ պնդելով, թե վերջիններս խոչընդոտում են ոստիկանների աշխատանքը և խազեր անում ոստիկանական մեքենաների վրա:

Մի պահ ոստիկանները պատնեշ են կազմել և սկսել են ոտքերով հարվածել լրագրողների ոտքերին: Ինչպես մեզ պատմել է ոստիկանության մոտ գտնվող «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանը, ոստիկաններից մեկը՝ Վարդան Գևորգյանը, հրահանգել է «սրբել» տարածքը լրագրողներից։ Անի Գևորգյանն ասել է, որ ոստիկաններից մեկն իրեն հարվածել է, բայց ինքը չի հասցրել տեսնել հարվածողին։ Հիշեցնենք, որ Վարդան Գևորգյանը փետրվարի 12-ին բռնություն էր գործադրել Անի Գևորգյանի նկատմամբ ՝ փորձելով խլել տեսախցիկը: