Home / Հայաստան / «Ադրբեջանցիները մյուս ազգերի հետ անհամատեղելիություն չունեն»․ Ալիևի պատասխանը Քոչարյանին

«Ադրբեջանցիները մյուս ազգերի հետ անհամատեղելիություն չունեն»․ Ալիևի պատասխանը Քոչարյանին

Ադրբեջանցիներն այլ ժողովուրդների հետ որևէ անհամատեղելիություն չունեն, իսկ հայերն ունեն, ու ոչ միայն մեզ հետ։ Հայաստանը մոնոէթնիկ է, այդ երկրի բնակչության 99․9 տոկոսը հայեր են։ Բոլոր փոքրամասնությունները, այդ թվում ադրբեջանցիները, ստիպված են եղել լքել Հայաստանը։ Եվ այդ մոտեցումը համատարած է։ Այսօր՝ հունիսի 24-ին, ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանի նիստի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այստեղ՝ ժողովրդավարության այս տանը, ելույթ է ունեցել, հայտարարել է, որ հայերի ու ադրբեջանցիների միջև ազգային անհամատեղելիություն կա։ Հայաստանի ներկայիս նախագահը նույնպես հակամարտությունը ներկայացնում է որպես կրոնական, ինչն անընդունելի է»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը համոզված է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն Ադրբեջանը կառուցողական մոտեցում է ցուցաբերում․ «20 տարիների ընթացքում մենք հավատարիմ ենք մնացել բանակցությունների գործընթացին։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ այդ գործընթացն ընդմիշտ չի կարող տևել։ Վաղ թե ուշ ինչ-որ բան պետք է տեղի ունենա։ Հետևաբար, որքան արագ Հայաստանի ղեկավարությունը ճանաչի այլ երկրի տարածքների օկուպացիայի անընդունելի լինելը 21-րդ դարում, այնքան լավ։ Հայկական ղեկավարության կողմից, սակայն, համապատասխան մոտեցում դեռևս չենք տեսնում»։

Ալիևի կարծիքով` որքան ավելի մեծ թվով միջազգային ինստիտուտներ ուշադրություն դարձնեն հակամարտությանը, այնքան ավելի արագ հնարավոր կլինի դրան լուծում գտնել։

Նրա խոսքով՝ Հայաստանն ուզում է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, «ուզում է՝ միջազգային հանրությունը մոռանա հակամարտության մասին»։

«Մենք բանակցությունների առումով լավատեսորեն չենք տրամադրված։ Փորձում ենք Հայաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպումներ անցկացնել։ Վերջին հանդիպումը կայացել է նախորդ տարի Վիեննայում, ինչը որոշ լավատեսության հիմքեր է տվել։ Փոքր քայլեր ձեռնարկվել են։ Այժմ, սակայն, կրկին տեղի է ունենում շեղում գործընթացից»,- մասնավորապես, ասել է Իլհամ Ալիևը։