Home / Տեսանյութեր / «Իրավունք» թերթից 5 միլիոն դրամ են պահանջում ատելության կոչ պարունակող հոդվածի համար

«Իրավունք» թերթից 5 միլիոն դրամ են պահանջում ատելության կոչ պարունակող հոդվածի համար

16 քաղաքացիներ միասնական դատական հայց են ներկայացրել «Իրավունք» թերթի դեմ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար, գրում է Media.am կայքը:

Դատարան դիմելու պատճառ է դարձել 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք»-ի կայքում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը, որում թերթը ներկայացնում է 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով, և կոչ է անում «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել նրանց նկատմամբ, դադարեցնել շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից:

Քաղաքացիներն «Իրավունք»-ից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից` տեքստը տեղադրելով լրատվամիջոցի կայքում, ինչպես նաև 5 միլիոն դրամ փոխհատուցել վիրավորանքի համար:

Սև ցուցակում հայտնված և հայցադիմումը ներկայացնողների թվում են «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («Փինք Արմենիա») հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանը:

«Այդ հոդվածը ոչ միայն արատավորում է մեր պատիվն ու արժանապատվությունը, այլև պարունակում է վիրավորանք, ատելության և խտրականության կոչ: Հոդվածի հեղինակը մեզ անվանել է ազգի եւ պետության թշնամի, ինչն իրականում, նույն ազգային անվտանգության մոտեցումներից ելնելով, շատ լուրջ հանցանք է»,- հայցի առնչությամբ ասել է Մամիկոն Հովսեփյանը:

Նրա խոսքով` դատարան դիմելուց առաջ փորձել են այլ եղանակով հարթել խնդիրը, սակայն չի հաջողվել:

Media.am-ը նշում է, որ «Իրավունք» թերթի խմբագիր, հոդվածի հեղինակ Հովհաննես Գալաջյանը դատական հայցին հանգիստ է վերաբերվում:

«Ոչ առաջին հայցադիմումն է, ոչ վերջինը: Թերթի պրակտիկայում դրանք բավականին շատ են: Եթե որեւէ մեկը դա ընկալել է որպես վիրավորանք, դա իր պրոբլեմն է: Ես իրավունք ունեմ գնահատել դա որպես գեյ լոբբինգի շահերի սպասարկում։ Ես ի՞նչ ընդհանուր հայտարարի կարող եմ գալ այն մարդկանց հետ, ովքեր կամա կամ ակամա մասնակցել են այդ գործողությանը, որը ակնհայտորեն ծառայում էր որպես որոշակի խմբի լոբբինգ: Իրենց ծոծրակները կտեսնեն, բայց ներողություն չեն տեսնի»,- կայքի հետ զրույցում ասել է Հովհաննես Գալաջյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում