Home / Հայաստան / ԱԱԾ-ն հայրենասերների հետ մշակել է «ուրախությունից գլուխը կորցրած» ադրբեջանցի «հզոր հետախույզներին»

ԱԱԾ-ն հայրենասերների հետ մշակել է «ուրախությունից գլուխը կորցրած» ադրբեջանցի «հզոր հետախույզներին»

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) 2013 թվականին բացահայտել է ադրբեջանական հատուկ ծառայությունների պարզ և պրիմիտիվ գործելաոճը, որը, այլընտրանք չունենալու պատճառով, ադրբեջանցիները որդեգրել էին օգտագործելով ինտերնետային սոցցանցերի հնարավորությունները: Այս մասին ասված է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ «Օդնոկլասնիկի» կայքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող «Seyran Dervishyan», «S Dr» և «Tigran Dervishyan» կեղծանուններով հանդես եկող անձինք «առասպելավորված շփումներ էին հաստատում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Զինված Ուժերի նախկին ու ներկայիս զինծառայողների հետ և փորձեր էին ձեռնարկում նրանցից կորզել ռազմական բնույթի հետախուզական տվյալներ»:

ԱԱԾ-ն վստահեցնում է, որ վերոհիշյալ տեղեկատվությունը լայն տարածում է ստացել ազգաբնակչության, հատկապես «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից օգտվող երիտասարդների շրջանում, որի արդյունքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ քաղաքացիներ, սեփական նախաձեռնությամբ, անմիջապես սկսել են դիմել ԱԱԾ մարմիններ ու հայտնել տվյալներ իրենց հետ «Օդնոկլասնիկի» սոցցանցում կապ հաստատած կասկածելի անձանց մասին:

«Այդ կերպով ԱԱԾ մարմինների տեսադաշտում են հայտնվել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում գործադրված «Seyran Derv», «S.S.», «Samvel Samvel», «Ա Ս», «Артем Арутюнов», «Albert Mnacakanyan», «A M», «Ruben Hayrapetyan», «(((((((RH)))))))», «Gevorg Saroyan», «Alik Mesropyan», «Sergey Karapetyan» ու մի շարք այլ կեղծանուններով գրանցված անձնական էջեր, որոնց քողի ներքո հանդես են եկել ադրբեջանցի «հզոր հետախույզներ»: Չհրաժարվելով արդեն իսկ «հնություն դարձած» գործելաոճից՝ ադրբեջանական հատուկ ծառայությունները նույնիսկ գլխի չեն ընկել փոփոխելու մեր քաղաքացիների հետ շփումների մեջ մտնելու համար նախատեսված առասպելները, ու գրեթե բոլոր դեպքերում շարունակել են ներկայանալ որպես Վրաստանում, Ստամբուլում կամ էլ Ռուսաստանում կահույքի աքսեսուարների, տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող կամ էլ սփյուռքահայ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող հայեր, որոնք նախկինում իբրև ծառայություն են անցել այս կամ այն հայկական զորամասերում», – նշված է հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ն ընդգծում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայրենասեր քաղաքացիների մասնակցությամբ «Օդնոկլասնիկի» սոցցանցում ներդրված ադրբեջանական հետախույզների մշակման արդյունքում՝ ՀՀ ԱԱԾ մարմինները «նրանց են մատուցել մեծածավալ ապատեղեկատվական նյութեր, որոնց հիման վրա, «ուրախությունից գլուխները կորցրած», ադրբեջանական հատուկ ծառայությունները զեկուցում են հետախուզության ոլորտում իբր ունեցած հաջողությունների մասին, այնինչ իրականում մոլորեցնում են իրենց երկրի ղեկավարությանը, որոնք, իրենց հերթին, պարբերաբար հանդես են գալիս անհիմն մարտատենչ հայտարարություններով»:

Հաղորդագրության մեջ Ազգային անվտանգության ծառայությունն իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ: