Home / Հայաստան / Բժիշկները պատմել են՝ ինչպես են իրենց ծեծել զինվորները. վերջիններս հակառակն են պնդում

Բժիշկները պատմել են՝ ինչպես են իրենց ծեծել զինվորները. վերջիններս հակառակն են պնդում

Կանազի կայազորային հոսպիտալում 2013-ի նոյեմբերի 2-ի ծեծկռտուքի գործով այսօր տեղի ունեցած երկրորդ դատական նիստի ընթացքում ցուցմունք են տվել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, հոսպիտալի հոգեբույժ Վաղինակ Հովհաննիսյանը։

Ծեծկռտուքի հետևանքով մեղադրանք է ներկայացվել հոգեբուժական բաժանմունքում բուժվող 3 ժամկետային զինծառայողների՝ Ռազմիկ Մանուկյանին, Արշակ Թորոսյանին եւ Դավիթ Մարկոսյանին, որոնք, համաձայն մեղադրանքի, ծեծել են հոսպիտալի բժիշկներին։ Գործով անցնող 4-րդ զինվորը՝ Գարեգին Դանիելյանը, մեղադրվում է ծեծկռտուքի ժամանակ ինքնախեղում կատարելու և զինվորներից մեկին հարվածելու համար։ 

Նյութերի համաձայն, երիտասարդները խմած են եղել։ Գործով տուժող են ճանաչվել հոսպիտալի 5 բժիշկներ։ Ըստ մեղադրանքի՝ զինվորներ Ռազմիկ Մանուկյանն ու Արշակ Թորոսյանը չեն ենթարկվել բժիշկների հրամաններին, հարձակվել են բժիշկների վրա, սպառնացել նրանց, կողապահարանը որպես զենք օգտագործելով նետել նրանց ուղղությամբ, այնուհետեւ դուրս գալով հոսպիտալի շենքից՝ բակում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել։

Զինվորների փաստաբանների խոսքով՝ ծեծի են ենթարկվել ոչ թե բժիշկները, այլ մեղադրյալի աթոռին նստած զինվորները, իսկ որպես ապացույց նրանք նշում են զինվորների վրա եղած վնասվածքները։ Երիտասարդներն իրենց մեղքը չեն ընդունում:

Հոսպիտալի պետն այսօր իր ցուցմունքում նշել է, որ դեպքի օրը ինքը տանն է եղել, երբ իրեն զանգել ու տեղեկացրել են, որ հոսպիտալում Մանուկյանի ձեռքին դանակ կա, ինչից հետո առանց ժամանակ կորցնելու՝ սպորտային հագուստով շտապ գնացել է հոսպիտալ, որտեղ, ըստ նրա, ոգելից խմիչք օգտագործած տղաները աղմուկ են բարձրացրել։

Օհանյանի խոսքով՝ իրենք 5 հոգով գնացել են հոգեբուժական բաժանմունք ու տեսել են, որ սենյակում թափանցիկ շիշ է եղել, որի միջից ոգելից խմիչքի հոտ էր գալիս։ 

Հոսպիտալի պետի ներկայացմամբ՝ Արշակ Թորոսյանը ասել է՝ «Բ-ի տղերքը մեզ պալիտ արեցին»։ 
Բժշկի խոսքով՝ ինքը փորձել է կարգի հրավիրել հիվանդներին, նրանց տանել իր աշխատասենյակ ու այնտեղ զրուցել։ Սակայն զինծառայողների մեկուսացման փորձը, ըստ հոսպիտալի պետի, հաջողությամբ չի պսակվել։ Նա փորձել է Ռազմիկի թևից բռնել ու սենյակից դուրս հանել, սակայն զինվորը ուժ է գործադրել ու պատռել բժշկի հագուստը, ավելին՝ Դավիթ Մարկոսյանը փորձել է աթոռակով հարվածել Օհանյանի գլխին, սակայն ենթական կանխել է դա։

Հոսպիտալի պետն ընդունել է, որ ինքն էլ ուժ է գործադրել ու զինվորին տապալել գետնին՝ «բայցովսկի պրիոմ եմ արել ու քցել եմ գետնին, ես դա հարված չեմ համարում, ուղղակի տապալել եմ»։

«Դրանից հետո Ռազմիկը գոռաց՝ «մեջներդ տղա չկա՞, էս բ..-ի տղեքին ըսենց անենք»: Եվ մոտ 40 հոգով հարձակվեցին 5 բժիշկների վրա», – ասել է Օհանյանը։ 

Փաստորեն, Օհանյանի պատմածը մեծապես համապատասխանում է մեղադրանքում ներկայացված փաստերին։ 

Երբ հիվանդները հանգստացել են, Օհանյանի խոսքով, ինքը զանգահարել է ռազմական ոստիկանություն, նաեւ իր վերադասներին եւ ներկայացրել է դեպքը։ 

«Ռազմիկը՝ տեսնելով, որ գործը բարդանում է, ընկել է, սկսել է թավալվել, մի տասը րոպե ես հեռախոսով նկարել եմ։ Նա հայհոյում էր, ապա կոչ արեց ջարդել դռները ու պատուհանները եւ դուրս գալ։ 67 հիվանդ կար, ամբոխը դուրս եկավ այդ երկու երիտասարդի հետ։ Նրանց վերադարձրել են 2-3 ժամ հետո, երբ ոստիկանությունը նրանց ձերբակալել էր», – ասել է Սահակ Օհանյանը։

Հոգեբույժ Վաղինակ Հովհաննիսյանը գրեթե նույնությամբ կրկնել է Օհանյանի պատմածը։ 
Հիշեցնենք, որ դեպքի մասին առաջին անգամ նախորդ տարվա նոյեմբերի 3-ին ահազանգել էր «Չորրորդ իշխանություն» թերթի տնօրեն Մհեր Ղալեղչյանը, ով գրել էր, որ «Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ-որ աննորմալ դեպքեր են կատարվում»:

«Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե «մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են»:

Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի», – մասնավորապես, նշել էր Ղալեչյանը:

Մեղադրյալներից մեկը՝ Դավիթ Մարկոսյանը, դեպքից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել էր, որ ինքը տեսել է, թե ինչպես են բժիշկները Ռազմիկին գետնին գցել ու ծեծի ենթարկել։ Նա պնդել է, որ զինվորին խմելու համար չեն ծեծել, քանի որ «խմիչքի հետք չեն գտել»։