Home / Հայաստան / Բաց նամակ Ադրբեջանի նախագահին․ «Հարցրեք Ձեր ընտանիքի կանանց»

Բաց նամակ Ադրբեջանի նախագահին․ «Հարցրեք Ձեր ընտանիքի կանանց»

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով նախօրեին, ելույթ ունենալով ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, պատասխանել է Յունուսի նկատմամբ իրականացվող հետապնդումների պատճառի մասին հարցին։ Ալիևը, մասնավորապես, ասել է․ «Երբ նրանից համապատասխան տեղեկատվություն խնդրեցին, նա ցանկացավ փախչել երկրից, ինչից հետո նրա նկատմամբ համապատասխան գործողություններ կիրառվեցին»։

Իրավապաշտպանի նամակը ներկայացնում ենք թարգմանաբար․

― Հարգելի պարոն նախագահ,

Լսեցի ԵԽ-ում Ձեր պատասխանը իմ նկատմամբ գործադրվող շարունակական ճնշումների վերաբերյալ։ Պատասխանը, մեղմ ասած, լի էր անճշտություններով։

Ես չեմ ցանկացել Ադրբեջանից փախչել, որպեսզի խուսափեմ ադրբեջանցի վաստակավոր լրագրող, Գերդ Բուցերիուսի անվան մրցանակի դափնեկիր Ռաուֆ Միրկադիրովի դեմ հարուցված կեղծ քրեական գործով դատախազությունում վկայություն տալուց։ Ամուսինս ու ես հրավիրված էինք համաժողովի, որն անցկացվում էր ապրիլի 30-ին Բրյուսելում։

Օդանավակայանում մեզ բերման ենթարկելն ուղեկցվում էր Ադրբեջանի մի շարք օրենքների, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի թիվ 3 և 5 հոդվածների խախտումներով։ Մենք երկրից դուրս չգալու մասին ստորագրություն չէինք տվել, երկրից դուրս գալու արգելքը որպես խափանման միջոց մեր նկատմամբ ընտրելու վերաբերյալ դատարանի որոշում չկար։ Մեր անձնագրերի առգրավումն ու մեր անձնական հաշիվների կալանքը տիրող անօրենության հերթական ապացույցն է։

Ստրասբուրգում ելույթ ունենալով՝ Դուք, պարոն նախագահ, նշեցիք, որ «արդեն մի քանի շաբաթ է, ինչ ես հրաժարվում են որպես վկա ցուցմունք տալուց»։ Դա սուտ է։

Ապրիլի 28-29-ին ինձ կալանքի տակ պահեցին ավելի քան 26 ժամ՝ առանց քնի, իսկ ապրիլի 29-ին, առավոտյան ժամը 7։00-ից 16։00-ը դատախազությունում ցուցմունք էի տալիս։ Ինձ 9 ժամ շարունակ հարցաքննում էին 4 քննիչներ՝ գեներալ-մայոր Էլդար Ահմեդովի գլխավորությամբ։

Մեկ ամիս անց՝ մայիսի 29-ին, ինձ կրկին հրավիրեցին դատախազություն։ Ես պատասխանեցի․ «Հարցաքննության կգամ միայն այն ժամանակ, երբ վերադարձնեք մեր՝ ապօրինաբար խլած անձնագրերը»։

Պատասխանելով ինձ վրա գործադրվող ճնշման մասին հարցին՝ Դուք, պարոն նախագահ, ասացիք, որ ես ճնշում եմ գործադրում իշխանությունների վրա ու անգամ ֆիզիկական բռնություն եմ կիրառել ոստիկանի նկատմամբ։ Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը, երբ ոստիկանության ապօրինի գործողություններն ամուսնուս հասցրին միկրոինսուլտի, իսկ քննիչ Ի․ Լեմբերանսկին նրա մոտ բժիշկների չէր թողնում, ես ոստիկանի գլխից խլեցի գլխարկն ու նետեցի գետնին։ Մեզ այդպես են դաստիարակել՝ տղամարդը, որն իրեն թույլ է տալիս մտնել զուգարան ու հետևել՝ ինչպես եմ կարիքս հոգում, տղամարդ չէ։

Նա արժանի չէ կրել տղամարդու և իրավապահի գլխարկը։ Հարցրեք Ձեր ընտանիքի կանանց՝ ինչպես էր պետք վարվել․․․

Ձեր պատասխանը հստակ ցույց տվեց, որ հենց Դուք եք, պարոն նախագահ, 2011 թվականի օգոստոսի 11-ին հրամայել բուլդոզերով ոչնչացնել մեր տունն ու ամբողջ ունեցվածքը, հենց Դուք Գ․ Աբութալիբովին թույլ չեք տալիս կատարել դատարանի որոշումն ու մեզ վճարել դատարանի կողմից սահմանված փոխհատուցումը։ Դուք անձամբ հրամայել եք խլել մեր անձնագրերն ու մեզ երկրում պահել՝ որպես պատանդների։

Իհարկե, պարոն նախագահ, ես Ձեզ շատ շնորհակալ եմ ինքնագնահատականս բարձրացնելու համար։ Մինչև այսօր ես լիովին վստահ չէի, որ ընտանիքիս, գործընկերներիս, հարազատներիս բաժին ընկած ողջ սարսափի ետևում կանգնած եք հենց Դուք, հենց Նախագահը։ Թեև գիտեմ՝ երկրի ղեկավարի անձնական հակակրանքն ինչ է․ և Վեզիրովը, և Մութալիբովը բազմիցս հրապարակայնորեն կոպիտ արտահայտություններ են արել իմ հասցեին։ Ձեր հանգուցյալ հայրն ավելի իմաստուն էր․ հասկանալով, որ ես իրական վտանգ չեմ ներկայացնում, նա չէր տրվում զգացմունքներին ու շարունակում էր պրագմատիկ քաղաքական գործիչ մնալ։

Ինձ ոչնչացնելը Ձեզ համար դժվար չի լինի, պարոն Նախագահ։ Կան բազմաթիվ տարբերակներ, ու պատանդ պահելը դրանցից մեկն է։ Դժվար չէ պատկերացնել, որ հարձակումը կսկսեք իրականացնել արձակուրդի շրջանում, երբ հանրությանը տեղեկացնելն ավելի բարդ է։ Կկարողանաք ոչնչացնել, բայց հաղթել երբեք չի հաջողվի։ Պատմությունը վերաշարադրել հնարավոր չէ, ամեն մեկն իր տեղը զբաղեցրել է։ Դուք պատմության մեջ չեք մնա որպես նախագահ Իլհամ Ալիև՝ Հեյդար Ալիևի որդի, այլ՝ նախագահ, որը կոտրել է, դաժանորեն ոչնչացրել, բայց չի կարողացել հաղթել կին իրավապաշտպան Լեյլա Յունուսին։

Ընտրությունը Ձերն է․․․

Լեյլա Յունուս