Home / Հայաստան / Լրագրողին բերման են ենթարկել նրա իսկ անվտանգության համար․ ՀՔԾ-ն արդարացնում է որոշումը

Լրագրողին բերման են ենթարկել նրա իսկ անվտանգության համար․ ՀՔԾ-ն արդարացնում է որոշումը

Լրագրող Անի Գևորգյանին բերման ենթարկելը պայմանավորված է եղել նրանով, որ վերջինս խախտել է հասարակական կարգը, ինչպես նաև նրա իսկ անվտանգությունը ապահովելու նպատակով ոստիկանության ծառայողները բռնել են նրա ձեռքերից՝ հաղթահարելով նրա դիմադրությունը։ Այսպես է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) արդարացնում լրագրող Անի Գևորգյանին բերման ենթարկելու փաստի առթիվ գործը կարճելու որոշումը, որի վերոնշյալ հատվածը լրագրողը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։

Անի Գևորգյանը փետրվարի 12-ի դեպքի հետ կապված իրեն տուժող ճանաչելու պահանջով դիմում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։ Այդ օրը Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստները, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանը, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, լրագրողներ Սարգիս Գևորգյանն ու Անի Գևորգյանը բերման էին ենթարկվել Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ընթացքում։

Մինչ ոստիկանների ժամանելը՝ մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին ակցիան, խլել ակտիվիստների թռուցիկները։ Ոստիկանության բաժնում Անի Գևորգյանից առգրավվել էին տեսախցիկն ու հիշողության քարտերը։