Home / Տեսանյութեր / Շանթ Հարությունյանի գործը փաստաբանը քաղաքական է համարում, բայց ուզում է ՄԻԵԴ հասնել

Շանթ Հարությունյանի գործը փաստաբանը քաղաքական է համարում, բայց ուզում է ՄԻԵԴ հասնել

Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղբանտարկյալների գործով որպես մեղադրյալ անցնող Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը կարծում է, որ, իրավական օգնություն ցույց տալով իր պաշտպանյալներին, ինքը բնավ չի հերքում, թե նրանց գործողությունները քաղաքական հարթակում պետք է դիտարկել։

«Յուրաքանչյուր անձ ունի իրավունք պաշտպանվելու այն եղանակով, որ ինքը ցանկանում է և ճիշտ է համարում։ Ես իմ պաշտպանյալների հետ խորհրդակցել եմ, և նրանք իմ բոլոր գործողություններին հավանություն են տվել։ Իրենք քաղաքական ակցիա էին անում, ու մեծ հույսեր չեն կապում Հայաստանի դատարանների հետ։ Ուղղակի Հայաստանի դատական ատյանները պետք է սպառել, Եվրոպական դատարան դիմելու համար»,- Epress.am-ին ասել է Արա Զաքարյանը։

Հիշեցնենք, որ երեկ գործով դատական նիստի ժամանակ Արա Զաքարյանը միջնորդություն էր ներկայացնում, որպեսզի իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակեն, և այդ միջնորդության ընթերցումը տևել է մոտ կես ժամ։ Շանթ Հարությունյանը վրդովվել է միջնորդությունից և, դիմելով փաստաբանին, ասել է. «Դու անպայման ուզում ես պռավալ տա՞ս էս քաղաքական գործընթացը»:

Նա նշել է, որ հարկ չկա ցիտել Արդարադատության խորհրդի որոշումները, քանի որ այդ խորհուրդը ենթարկվում է Սերժ Սարգսյանին։

Դիմելով Տիգրան Պետրոսյանին՝ Շանթ Հարույթունյանն ասել էր, թե փաստաբանը պետք է ասի, որ իրենք բողոք են կազմակերպել, քանի որ մարտի 1-ին անպատիժ սպանվել են ցուցարարները։

«Թող հելնի ասի, որ էս տղեքը փետը վեկալել են, որտև տեսել են մարդկանց սպանում են ու մնում են անպատիժ։ Ոչ թե ասի՝ արդարադատության խորհուրդը։ Սերժը չի՞ Արդարադատության խորհուրդը։ Ես չեմ թողնի սա քրեկան դատավարության վերածվի։ Պիտի կիսվենք ստեղ։ Եթե հավատում եք էդ մարմիններին, ապա հավատում եք Սերժ Սարգսյանի արդարադատությանը»,- ասել է Շանթ Հարությունյանը։