Home / Տեսանյութեր / Ոստիկանները նախ ծեծում են, հետո դիմում՝ «հարգելի քաղաքացի». խոշտանգումների մասին

Ոստիկանները նախ ծեծում են, հետո դիմում՝ «հարգելի քաղաքացի». խոշտանգումների մասին

Հայաստանում ազատազրկվածների 90 տոկոսը ենթարկվում է ծեծ ու ջարդի,  հարցաքննվում է առանց փաստաբանի։ Այս մասին այսօր Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվա առիթով «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպած քննարկան ժամանակ ասել է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Քննարկմանը քաղաքացիական ակտիվիստ Դվին Իսանյանսը պատմել է, որ ոստիկանների կողմից իր նկատմամբ բռնություն է կիրառվել Մաշտոցի պուրակի անվանափոխման դեմ ակցիային մասնակցելուց հետո։ 

«Քաղաքացիական ակցիայի ժամանակ բերման ենթարկելիս ոստիկաններն ինձ ծեծի են ենթարկել, էլեկտրաշոկով հարվածներ հասցրել, այնքան, որ ուշագնաց եմ եղել։ Ոստիկանություն տանելիս՝ ինձ լիֆտում հայհոյել են, ապտակել են, հետո, երբ լիֆտի դռները բացվեցին, սկսեցին դիմել «հարգելի քաղաքացի»-ով»,- ասել է Դվին Իսանյանսը։ Նա ասել է, որ նրան թույլ չեն տվել զանգահարել փաստաբանին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադարձել է հոգեբուժական հաստատություններում խոշտանգումների դեպքերին։

«Հոգեբուժական հաստատություններում  գրանցված մահացությունների տարեկան թիվը չի զիջում բանակում գրանցվող մահվան դեպքերին, սակայն որևէ մեկով քրեական գործ հարուցված չէ»,- ասել է Սաքունցը։

Նա նշել է, որ վերջին 9 տարիների ընթացքում գրանցվել է 308 մահացության դեպք։

«Վերջին 4 տարվա ընթացքում 40 դեպքերով նյութեր նախապատրաստվել են, սակայն որևէ մեկով քրեական գործ չի հարուցվել։ Եթե Խորհրդային Միության ժամանակ հոգեբուժարանները օգտագործվում էին որպես քաղաքական պատժի միջոցներ, ապա այժմ՝ ազգականների միջև հարաբերությունները ճշտելու համար, օրինակ՝ ժառանգության կամ սեփականության հարցերում»,- ասել է իրավապաշտպանը։