Home / Հայաստան / Տուժողի աչքի տակ կապտուկ էր․ փաստաբանը քրգործում խախտումներ է մատնանշում

Տուժողի աչքի տակ կապտուկ էր․ փաստաբանը քրգործում խախտումներ է մատնանշում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակից Ալեքսանդր Խաչատրյանը և նույն բաժնի աշխատակից Սահակ Հարությունյանը մեղադրվում են քաղաքացի Բաբկեն Բուդաղյանից համաներման ցուցակում ընդգրկելու համար 400.000 դրամ կաշառք վերցնելու մեջ:

Խաչատրյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը ETV-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալն ի պաշտոնե որևէ հնարավորություն չուներ փոփոխություններ մտցնել համաներման ենթարկվողների անվանացանկում, ուստի նա արել է խարդախություն՝ համաձայնել է կաշառք վերցնել մի բանի համար, որ չէր կարող անել:

Սահակ Հարությունյանը, ըստ փաստաբանի, առհասարակ կապ չունի կաշառքի հետ և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել միայն տուժողի անընդհատ փոխվող ցուցմունքների հիման վրա:

Հովհաննիսյանի խոսքով՝ տուժող Բաբկեն Բուդաղյանը հունվարի 30-ին ցուցմունք է տվել՝ ասելով, որ Սահակ Հարությունյանն իրենց կաշառք չի ուզել: Սակայն հետագայում՝ փետրվարի 6-ին, ըստ փաստաբանի, իմիտացիոն հարցաքննության ժամանակ, նորից ասել է, որ Սահակյանը ևս կաշառք է ուզել իրենից: Այդ օրը, սակայն, տեսաձայնագրվել է և երևում է, որ Բուդաղյանի աչքի տակ կապույտ է, ինչը, Գիվի Հովհաննիսյանի խոսքով, վկայում է, որ անազատության մեջ գտնվող Բուդաղյանի նկատմամբ քննիչները բռնություն են կիրառել և ստիպել նորից խոսել ամբաստանյալ Սահակյանի դեմ:

Փորձագիտական եզրակցությունը ցույց է տվել, որ Բուդաղյանի աչքի կապտուկը, հնարավոր է, ընկնելու հետևանք է: Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ փորձագիտական եզրակացությունը իրեն՝ պաշտպանին չտրամադրելը ևս խախտում է:

Նշենք, որ գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Մանրամասները և տեսանյութը՝ hahr.am