Home / Տեսանյութեր / «Լրագրությունը պուպուշ բաներ գրելը չէ»․ «Իրավունքը» վիճում է «Շանթ»-ի հետ

«Լրագրությունը պուպուշ բաներ գրելը չէ»․ «Իրավունքը» վիճում է «Շանթ»-ի հետ

«Շանթ» հեռուստաընկերությունը և «Իրավունք» օրաթերթը պարբերաբար վիճում են թերթի հրապարակումների շուրջ, և այդ վեճերից հետո դատարան դիմելն ավանդույթ է դարձել։ «Շանթ»-ը կամ հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանն արդեն մի քանի անգամ դիմել են դատարան՝ թերթին մեղադրելով վիրավորանք և զրպարտություն տարածելու համար։

Հեռուստաընկերության շահերը ներկայացնող Վահագն Գրիգորյանի խոսքով՝ «Իրավունքը» վիրավորական հոդվածներ է գրում Արթուր Եզեկյանի դեմ՝ սկսած 2006 թվականից։ 2007 թվականին առաջին անգամ գործը հասել է դատական միջամտության, և դատարանը ճանաչել է հայցվոր կողմի իրավուքների խախտումը։ Այս պահին տարբեր ատյանների դատարաններում «Իրավունքի» դեմ ևս երեք գործ է քննվում։ Դրանցից երկուսը մեկ վարույթում են միացվել. Եզեկյանը համարում է, որ «Փանջունի» սյունյակում և «Ով է «Շանթի» ղեկավարը» հոդվածում թերթը վիրավորել է իրեն։ Հայցվորը 4 միլիոն դրամ է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ «Փանջունի» սյունյակում թերթը, մասնավորապես, գրել է․ «Շանթը Եզեկյանի տակ հորթ է ման գալիս» և «Շանթի գլուխն ինչքան էլ եփում են՝ Եզեկյանը հում ա մնում»։

«Ով է «Շանթի» ղեկավարը» հոդվածում քաղաքացի Վարդան Ղազարյանը, ով ներկայացել է որպես Եզեկյանի մորաքրոջ փեսա, թերթին պատմել է, թե Եզեկյանը իր շնորհիվ վարկ է վերցրել հեռուստաընկերությունը հիմնելու համար, որից հետո սկսել է խուսափել Ղազարյանից։ Բացի դրանից, վերջինիս խոսքով, Եզեկյանի հետ վեճի պատճառով իր կինը սթրես է տարել և հայտնվել է հիվանդանոցում։

Ինչպես Epress.am-ին հայտնել է «Իրավունք» օրաթերթի շահերը ներկայացնող Լևոն Բաղդասարյանը, «Շանթի» և Եզեկյանի նկատմամբ հատուկ անձնական վերաբերմունք «Իրավունքը» չունի։ Փաստաբանի խոսքով՝ ամեն հոդվածի համար չպետք է վազել դատարան։

«Լրագրությունը պուպուշ բաներ գրելու համար չէ, այլ երբեմն պետք է ցնցի»,-ասել է Բաղդասարյանը։

Նա նշել է, որ վերջին գործերից մեկով վճիռն արդեն կա․ դատարանը ապացուցված է համարել վեճի առարկա հոդվածում զրպարտության բացակայությունը, սակայն համարել է, որ օգտագործված բառապաշարը վիրավորական է։

«Խոսքը հոդվածի մասին էր, որտեղ «Իրավունքը» գրել էր՝ «Շանթ» հեռուստաընկերությունը աշխատեցնում է մարդկանց, փող չի տալիս։ Այդ փաստը դատարանն ապացուցված է համարել, սակայն նշել է, որ հոդվածում օգտագործված «քցել» բառը վիրավորական է։ Այսինքն՝ հայցը բավարարել է մասնակի։ Մենք բողոքարկել են Վերաքննիչ դատարան», – ասել է Լևոն Բաղդասարյանը։

Անդրադառնալով մեկ վարույթում միավորված երկու գործերին՝ փաստաբանն ասել է․ «Մենք հայցադիմումին պատասխանել ենք երկու հիմնավորմամբ։ Առաջին՝«Իրավունքը» գրել է այն, ինչ պատմել է քաղաքացին, ինչու պետք է ԶԼՄ-ն կանչվի որպես պատասխանող։ Երկրորդ՝ «Փանջունին» հումորային, ծաղրական բաժին է, և վիրավորանքի հետ աղերս չի կարող լինել»,- ասել է Լևոն Բաղդասարյանը։  

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Իրավունքի» դեմ դատական հայց են ներկայացրել մի շարք հասարակական կազմակերպություններ։ Դատարան դիմելու պատճառ է դարձել 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք»-ի կայքում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը, որում թերթը ներկայացնում է 60 անձանցից բաղկացած  ցուցակ` նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով, և կոչ է անում «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել նրանց նկատմամբ:

Քաղաքացիներն «Իրավունք»-ից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից` տեքստը տեղադրելով լրատվամիջոցի կայքում, ինչպես նաև 5 միլիոն դրամ փոխհատուցել վիրավորանքի համար: