Home / Հայաստան / «Ո՞վ էր խնդրել, որ երեխուն սպանեք, հետո էլ թաղման գումար տաք»․ զոհված զինվորի մայրը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ

«Ո՞վ էր խնդրել, որ երեխուն սպանեք, հետո էլ թաղման գումար տաք»․ զոհված զինվորի մայրը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում փորձել է պարզել, թե ինչ գումար է տվել նախարարությունն իրենց ընտանիքին, որի մասին Մարգարիտա Խաչատրյանը վերջին օրերին տարբեր անձանց միջոցով փորձում է հիշեցնել ու հրապարակավ պախարակել իրեն։ Epress.am-ի հետ զրույցում զինվորի մայրը պատմել է, որ որդու սպանությունից հետո պետականորեն հասանելիք գումար է հատկացվել հուղարկավորության ծախսերը հոգալու համար, ինչը հաստատել է նաև Օհանյանը։

Նախորդ հինգշաբթի Մուրադյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ ՀԱԲ-ի Անո ներկայացած մի կին մոտեցել է իրեն ու ասել, որ Վալերի Մուրադյանի թաղման օրը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (հայտնի է Մառոզ մականունով) ՊՆ-ին խնդրել է գումար փոխանցել Մուրադյանների ընտանիքին ինչպես թաղման ծախսերը հոգալու, այնպես էլ բնակարան գնելու համար, և վերջիններս ընդունել են դա։

Մուրադյանի խոսքով՝ բնակարանի մասին զրույցներն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։

«Այդ ամենը ասվում է մեզ վարկաբեկելու համար, մենք բնակարան չենք ստացել», – ասել է զոհված զինվորի մայրը։

«[հանդիպմանը] Օհանյանին ասացի՝ նախ ով էր խնդրել, որ իմ երեխուն սպանեիք, հետո էլ գումար բերեիք թաղման համար։ Երբ հարցրի՝ դուք ի՞նչ գումար եք ինձ տվել, նա ասաց՝ տիկին Նանա, նման բան մի ասեք, դա ձեզ հասնում է, անօրինական ոչինչ չի արվել, ձեզ հասել է օրինական հատկացված գումարը։ Նա նաև ասաց, որ ուշադրություն չդարձնեմ նման խոսակցությունների վրա, ես էլ ասացի՝ ո՞նց ուշադրություն չդարձնեմ, եթե էդ մարդիկ նպատակով եկել էին, որ ինձ ամաչեցնեն ու խայտառակեն։ Ես ամաչելու ոչինչ չունեմ՝ ես ծնող եմ, որի երեխուն սպանել են ԼՂՀ-ի բանակում, ու եթե ինձ գումար են հատկացրել թաղման համար, ես պարտավոր չեմ ի լուր աշխարհի այդ մասին հատարարություններ անել», – ասել է Մուրադյանը։

Կնոջ խոսքով՝ նախարարը խոստացել է նույն հարցի շուրջ խոսել նաև Մարգարիտա Խաչատրյանի հետ։

«Օհանյանից պահանջեցինք հանդիպում կազմակերպել նախագահի հետ և խնդրեցինք միջնորդել՝ ԱԺ-ում հանձնաժողով ստեղծել, որպեսզի գործերը դրվեն հանրային քննարկման։ Ինքը խոստացավ, մենք էլ դիմում ենք գրել, որը հիմա հանձնելու ենք ու սպասենք», – եզրափակել է Մուրադյանը։