Home / Տեսանյութեր / 17 տարվա ազատազրկում՝ ծառայակցին սպանելու համար․ վճիռը բողոքարկվելու է

17 տարվա ազատազրկում՝ ծառայակցին սպանելու համար․ վճիռը բողոքարկվելու է

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը զինծառայող Դավիթ Խաչատրյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման անցյալ տարի Նոյեմբերյանի զորամասերից մեկում մեկ այլ զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար։ Դատավոր Զոյա Զաքինյանն ապացուցված է համարել, որ սպանությունը դիտավորյալ է եղել, չնայած պաշտպանական կողմի փաստաբան Երեմ Սարգսյանը բազմիցս պնդել է, որ նախաքննական փուլի սկզբից մինչև դատաքննության ավարտը գործի ապացույցները միանաշանակ վկայում են, որ առկա է զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մեկ անձի մահ։

Դավիթ Խաչատրյանն իր վերջին խոսքում նշել է, որ ճակատագիրն արդեն իսկ պատժել է իրեն՝ խլելով ընկերոջ՝ Լյուքս Ստեփանյանի կյանքը։ Նա դատավորին խնդրել է պատիժը սահմանելիս առաջնորդվել օրենքով։ Դատարանի դահլիճում Լյուքս Ստեփանյանի հարազատները, ինչպես նախորդ նիստերի ժամանակ, պնդել են, որ մեղադրյալին պետք է ցմահ դատապարտեին։

Նշենք նաև, որ մեղադրող դատախազը 18 տարի էր պահանջել Դավիթ Խաչատրյանի համար։

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեմ Սարգսյանը նշել էր, որ դատախազի պահանջը և գործի քննության ու դատավարության ընթացքը նման հունով են ընթացել, քանի որ գործը հասարակական հնչեղություն է ստացել։

«Այս գործը հենց առաջին օրվանից հասարակական լայն հնչեղություն ստացավ։ Վերջերս բանակի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ ենք լսում, որ ծնողները պնդում են, թե մի շարք հանցագործություններ, մասնավորապես, սպանությունների հետ կապված, փորձ է արվում վերածել ինքնասպանության կամ այլ հանգամանքների։ Այս դեպքում ստացվում է, որ հասարակական հնչեղություն ունեցող գործով իրավապահ մարմինները, պետական պաշտոնոտար անձինք փորձում են հասարակությանը ի ցույց դնել, որ այստեղ գործ ունենք ոչ թե կոծկման հետ, այլ՝ տեսեք, այս գործով ամբողջությամբ օբյեկտիվ նախաքննություն ու դատաքննություն է իրականացվում։ Վերջիններիս կողմից ընտրվեց այն գործը, որով պետք է փորձ արվի կոտրել այդ կարծրատիպը», – ասել է փաստաբանը։

Այսօր դատական նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում Երեմ Սարգսյանը նշել է, որ ՊՆ-ի և Գլխավոր դատախազության կողմից վճիռն ի սկզբանե կայացվել էր և իրենց համար ամեն ինչ պարզ էր։ Փաստաբանի խոսքով՝ իրենք վճիռը ստանալուն պես անպայման բողոքարկելու են այն Վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ սպանության դեպքից հետո Ստեփանյանի հարազատները որդու դին որոշել էին տեղափոխել Երևան։ Սևան-Երևան մայրուղու վրա նրանց հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և երկար բանակցություններից հետո համոզել էր Իշխան Ստեփանյանին տուն վերադառնալ և հողին հանձնել որդուն։ Օհանյանը խոստացել էր իր հսկողության տակ պահել քրեական գործի քննությունը։  

Լուսանկարում՝ Լյուքս Ստեփանյանի հարազատները 2013 թվականի մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում