Home / Տեսանյութեր / Վերաքննիչում պահանջում են նախագահականի մոտից հեռացված ընտանիքի հարցով քրգործ հարուցել

Վերաքննիչում պահանջում են նախագահականի մոտից հեռացված ընտանիքի հարցով քրգործ հարուցել

Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին և նրա ընտանիքին նախագահական նստավայրի մոտից 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ապօրինաբար հեռացնելու հարցով քրեական գործ հարուցելը մերժելով՝ ՀՔԾ-ն դառնում է ոստիկանության մի ստորաբաժանում։ ՀՔԾ-ի այդ որոշումն օրինական ճանաչելով՝ ոստիկանության ստորաբաժանման է վերածվել նաև առաջին ատյանի դատարանը։

Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարել է Խուդոյանի շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Խուդոյանների ընտանիքը նախագահական նստավայրի դիմացից հեռացվել էր 2013-ի դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը, ժամը 06:15-ի սահմաններում և այնուհետև շուրջ մեկ օր սեփական տանն ապրել էր ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ: Ընտանիքը պահանջում էր ոստիկանների դեմ քրեական գործ հարուցել, ինչը մերժվել է առաջին ատյանի դատարանի կողմից։

Ներկայացված հայցադիմումի հիմնավորման մեջ փաստաբան Տաթևիկ Սիրադեղյանը նշել է, որ ՀՔԾ-ն ակնհայտորեն կողմնակալ է եղել։ Ոստիկանության դեմ քրեական գործ հարուցելը մերժելու որոշումից առաջ՝ ՀՔԾ քննիչ Հ․Հարությունյանը հաշվի է առել միայն ոստիկանների ցուցմունքները, և ուշադրություն չի դարձել հայցվորների՝ Աշոտ Խուդոյանի և նրա կնոջ Հեղինե Մակարյանի, նախագահական նստավայրի մոտ նստացույց անցկացնող, դեպքի պահին Խուդոյանների կողքին գտնվող Էմմա Սահակյանի խոսքերի վրա։

Անտեսվել են նաև մամուլի հրապարակումները, այդ թվում՝ այն հոդվածները, որտեղ Խուդոյանին բռնություն ենթարկելու մասին ասում է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը։

Էմմա Սահակյանը և Հեղինե Մակարյանը, մասնավորապես, ասել են, որ 15 քաղաքացիական հագուստով ոստիկաններ նախագահականի դիմացի մայթից բռնություն կիրառելով հեռացրել են Աշոտ Խուդոյանին, ապա վերադարձել Հեղինեի և երեխաների հետևից։

Ոստիկանները պնդում են, որ ողջ ընտանիքին միասին են տեղափոխել։

Ըստ վերաքննիչ բողոքի, ՀՔԾ քննիչ Հարությունյանը նաև հաշվի չի առել որևէ ցուցմունք կապված Խուդոյանի ստացած վնասվածքների հետ, և բավարարվել է միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, որը, սակայն, անցկացվել է դեպքից մոտ երկու ամիս հետո, երբ, օրինակ, Խուդոյանն ապաքինվել էր գլխի վնասվածքից։

Բացի դա, ՀՔԾ-ն չի տվել այն հարցի պատասխանը, թե ինչ է նշանակում «ռեժիմային անվտանգության գոտի» տերմինը։

Տաթևիկ Սիրադեղյանն Վերաքննիչում հիշեցրել է, որ Արաբկիրի ոստիկաններն ընտանիքը նախագահական նստավայրի մոտից հեռացնելը պատճառաբանել են այդ տարածքը «ռեժիմային անվտանգության գոտի» սահմանելով, մինչդեռ ՀՔԾ-ն չի պարզաբանել, թե ինչ է նշանակում «ռեժիմային անվտանգության գոտի» տերմինը։

«Այս տերմինը քննիչը չի բացատրել՝ պատճառաբանելով, թե դրա կարիքը չկա, որովհետև Խուդոյանի նկատմամբ բռնություն չի եղել»,- ասել է Սիրադեղյանը։

Արթուր Սաքունցը հավելել է, որ փաստորեն, ոստիկանությունը Հայաստանի տարածքում ցանկացած տեղ, այդ թվում՝ դատարանը, կարող է համարել ռեժիմային անվտանգության գոտի և իրականացնել պատժիչ գործողություններ։