Home / Հայաստան / Օմբուդսմենը դիմել է նախարարին, սակայն քայլեր չեն ձեռնարկվել․ ազատազրկվածերին տեսակցելու արգելքի մասին

Օմբուդսմենը դիմել է նախարարին, սակայն քայլեր չեն ձեռնարկվել․ ազատազրկվածերին տեսակցելու արգելքի մասին

Արդարադատության նախարարության մեղքով Հայաստանում ազատազրկվածները ոչ աշխատանքային օրերին և ժամերին չեն կարողանում հանդիպել փաստաբանների հետ, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսայանը։ Նման հայտարարության հիմք է հանդիսացել Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանի ներկայացրած բողոքի քննության արդյունքում ՄԻՊ գրասենյակի կողմից արձանագրված խախտումները։

Հիշեցնենք, որ դեռևս 2014թ. մարտի 29-ին (շաբաթ օր) փաստաբան Արայիկ Պապիկյանը մեկնել է «Վանաձոր» ՔԿՀ՝ իր պաշտպանյալին՝ Կարեն Կունգորցևին հանդիպելու նպատակով: Սակայն կալանավայրի ղեկավարությունն արգելել է հանդիպումը՝ վկայակոչելով Կառավարության համապատասխան որոշումը, ըստ որի ազատազրկվածների հետ տեսակցությունը թույլատրվում է միայն աշխատանքային օրերին՝ 10.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում:

Կարեն Անդրեասյանը մայիսի 19-ին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ուղարկված գրությամբ առաջարկել է միջոցներ ձեռնարկել փաստաբանների և ազատազրկվածների տեսակցության իրավունքի լիարժեք վերականգնման և Կանոնակարգն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Միջազգային պրակտիայում նման իրավախախտումների դեպքերի մասին ուսումնաիրություն է անցկացվել և արդյունքները ևս ուղարկվել են Արդարադատության նախարարին։

«Ցավոք, մինչ օրս համարժեք քայլեր չեն ձեռնարկվել, և չի վերացվել ակնհայտ օրենսդրական հակասությունը։ Տարակուսելի է օրենսդրական այսպիսի ակնհայտ հակասության և իրավունքների համատարած խախտման պարագայում Արդարադատության նախարարության նման դանդաղկոտ գործելաոճը»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։