Home / Հայաստան / Զինծառայողը կարծում է, թե ընկերը դիտավորյալ չի կրակել իր և Լյուքս Ստեփանյանի վրա․ azatutyun.am

Զինծառայողը կարծում է, թե ընկերը դիտավորյալ չի կրակել իր և Լյուքս Ստեփանյանի վրա․ azatutyun.am

Զինծառայող Դավիթ Խաչատրյանի արձակած գնդակից վիրավորված Հրաչյա Սարգսյանը արդեն մի փոքր կազդուրվել է, և թեև դեպքի մասին չի հիշում, բայց չի կարծում, թե Խաչատրյանը դիտավորյալ է կրակել։ Azatutyun.am-ի հետ զրույցում Սարգսյանը ասել է, իրենք՝ Դավիթը, Լյուքս Ստեփանյանը և ինքը, մոտ ընկերներ էին։

«Հնարավոր է՝ չմտածված զենքը լիցքավորեր, բայց չէր կարող դիտավորյալ կրակեր»,- ասել է նա։ 

Նշենք, որ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել Լյուքս Ստեփանյանին դիտավորյալ սպանելու և Սարգսյանին՝ վիրավորելու համար և դատարապատել 17 տարվա ազատազրկման։ Միջադեպի հետևանքով զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները համարում են, որ դատավճիռը մեղմ է և Խաչատրյանը պետք է ցմահ ազատազրկվի։ Նման պահանջներ, սակայն, վիրավորված Հրաչյա Սարգսյանի ծնողները չունեն։

«Լյուքսի ծնողների իրավունքն է, թե ինչ են ուզում, ինչ են պահանջում։ Դավիթի ազատազրկման տարիները ո՛չ իմ հոգսը կթեթևացնեն, ո՛չ իմ վիշտը։ Ինձ համար Դավիթը քանի տարի կնստի, էական չի։ Ուրիշի ցավը իմ ցավը չի մեղմի», – ասել է Հրաչյա Սարգսյանի հայր Վաղինակ Սարգսյանը։

Ուղեղի վնասվածք ստացած Հրաչյան դեպքից հետո մոտ մեկ ամիս անգիտակից պառկած էր հիվանդանոցում, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Գիտակցության գալուց ի վեր երիտասարդը պնդում է, որ դեպքի մասին ոչինչ չի հիշում, նույնը ասել է նախաքննական ցուցմունքում: Բժիշկներն օրինաչափ են համարում ուղեղի վնասումից հետո հիշողության մասնակի կորուստը։

Հիմա, չնայած ձախ կողմի մի հատվածը պարալիզացված է, նա արդեն կարողանում է քայլել, ձեռքը, սակայն, չի աշխատում: Երիտասարդի հայրը նաև բացատրել է՝ ինչու դատական նիստերին չէր գնում։

«Իմ ներկայությունը ոչ մի բան չէր փոխի էնտեղ։ Ես չէի գոռգոռա, ես պետք է գնայի, խելոք նստեի, ուրիշների գոռգոռոցը լսեի, գայի։ Ավելի լավ չէ՞ր դրա փոխարեն զբաղվեի իմ որդու առողջությամբ։ Ավելի նպատակահարմար գտա թե՛ Իջևան գնալ-գալու ծախսերը, թե՛ ժամանակը ուղղել Հրաչյայի վերականգնմանը»,-ասել է նա։