Home / Հայաստան / ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնաբանեց Վարդգես Գասպարիին վերաբերող հարցը

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնաբանեց Վարդգես Գասպարիին վերաբերող հարցը

Ըստ օրենսդրության՝ առանց հաճախորդի համաձայնության բանկը իրավունք չունի նրա հաշվի հետ որևէ գործողություն կատարել, այդ թվում՝ միջոցների դուրսգրում։ Դրա հետ մեկտեղ լինում են դեպքեր, երբ հաշվի սեփականատիրոջ՝ ֆինանսական միջոցներին տնօրինելու իրավունքը սահմանափակվում է այն պետական մարմինների դիմումի հիման վրա, որոնք ապահովում են դատական և այլ ակտերի հարկադիր կատարումը։ Նման դեպքերում բանկը պարտավոր է պահում անել առանց հաճախորդի համաձայնության։

Այսպես է ՎՏԲ-Հայաստան բանկը պատասխանել Epress.am-ի հարցմանը՝ կապված քաղաքացի Վարդգես Գասպարիի հաշվից առանց վերջինիս տեղեկացնելու գումարների փոխանցման հետ։

ՎՏԲ-Հայաստանը հայերեն լեզվով հարցմանը պատասխանել է ռուսերեն՝ ընդգծելով այն դեպքերը, երբ բանկը իրավունք ունի պահում անել առանց հաճախորդի համաձայնության, մինչդեռ մեր հարցում նշված էր, թե արդյոք բանկն իրավունք ունի օգտագործել հաճախորդի հաշիվներն առանց իրեն տեղեկացնելու։

ՎՏԲ-Հայաստանը նաև հավելել է, որ քանի դեռ հաճախորդի հաշիվների մասին յուրաքանչյուր տեղեկատվություն համարվում է բանկային գաղտնիք, ՎՏԲ (Հայաստան) բանկը պատրաստ է և պարտավոր է կատարված գործարքների մասին տեղեկատվություն տրամադրել անձամբ պարոն Գասպարիին անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, կամ նրա կողմից օրենքով լիազորված անձին։

Բանկից Epress.am-ին հայտնեցին նաև, որ իրենք պատասխանել են Վարդգես Գասպարիի էլեկտրոնային փոստով ուղարկված նամակներին։