Home / Տեսանյութեր / Տուժողին ճնշում են․ նա մի քանի անգամ փոխել է ցուցմունքը․ փաստաբան

Տուժողին ճնշում են․ նա մի քանի անգամ փոխել է ցուցմունքը․ փաստաբան

Ոստիկանության վեցերորդ վարչությունը և քննիչ Մինասյանը շարունակում են ճնշումները կաշառքի գործով տուժող Բաբկեն Բուդաղյանի վրա։ Այս մասին Epress.am-ին հայտնել է գործով ամբաստանյալ Սահակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Բուդաղյանը երեկ գործով հերթական նիստին հայտարարել է, որ ՀՔԾ-ում իրեն սպառնացել են՝ եթե ցուցմունքները չփոխի, ապա այլ գործով նրան կդատեն։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ Սահակ Հարությունյանը և Ալեքսանդր Խաչատրյանը մեղադրվում են տուժողից կաշառք՝ 400 հազար դրամ վերցնելու մեջ։ Մեղադրանքը կազմվել է տուժողի ցուցմունքի հիման վրա, սակայն նա հետագայում դատարանում հայտարարել է, որ Սահակ Հարությունյանի դեմ ցուցմունքը գրել է քննիչների պահանջով։

Երեկ տեղի ունեցած դատական նիստը սկսվել է դատարանի կողմից Բուդաղյանի դիմումի ընթերցմամբ։ Դիմումում Բուդաղյանը գրել էր, որ դատարանում ներկայացված ցուցմունքները ճիշտ չեն, և խնդրել է իրեն կրկին ցուցմունք տալու հնարավորություն ընձեռել։

«Արդեն պարզ դարձավ, որ մեր կասկածները, թե Բուդաղյանը նախորդ՝ հուլիսի 3-ի նիստին չէր ներկայացել, որովհետև նրա հետ քննիչն «աշխատանք էր տանում», արդարացված են։ Ի դեպ, հուլիսի 3-ի նիստին ներկա չէր նաև դատախազը։ Ինչևէ, դատարանում տուժողը հայտարարել է, որ այդ դիմումն իրեն ստիպել էր գրել քննիչ Մինասյանը և վեցերորդ վարչության պետ Եղիշե Պետրոսյանը։ Նա ասել է, որ նույնիսկ դատարան դիմումը մուտք անելուց Եղիշե Պետրոսյանը ուղեկցել է տուժողին՝ Էջմիածին։ Նա ստիպել է, որպեսզի տուժողը իր ավտոմեքենան թողնի ՀՔԾ-ի բակում, և իր հետ գնա Էջմիածին»,- ասել է Ինեսսա Պետրոսյանը։

Դատարանում տուժող Բուդաղյանը պնդել է, որ Սահակյանն իրենից կաշառք չի ուզել, իսկ կաշառքի ողջ պատմությունը սադրանք է՝ ոմն Ղազարի կողմից, ով ասել է՝ «կտանես, փողը կդնես Խաչատրյանի սեղանին»։ Տուժողը նույնիսկ ասել է, որ ինքն այնքան գրագետ չէ, որպեսզի նման դիմում կարողանար գրել։

Ինեսսա Պետորոսյանի խոսքով՝ երեկվա դատական նիստին Բուդաղյանը միջնորդել է, որպեսզի վեցերորդ վարչության աշխատակիցները իրեն չուղեկցեն դատարան։ Փաստաբանը նշել է, որ թեև դա կոչվում է պաշտպանության միջոց, սակայն տուժողը ճնշվում է աշխատակիցների ներկայությունից։

Ամբաստանյալ Խաչատրյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանությունում տուժողի հարցաքննման տեսագրության մեջ հստակ երևում է՝ նրա աչքի տակ կապտած է, և դա վկայում է այն մասին, որ Բուդաղյանը բողոքել է երկու ամբաստանյալների դեմ բռնությունների ենթարկվելուց հետո։ Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն ի պաշտոնե որևէ հնարավորություն չուներ փոփոխություններ մտցնել համաներման ենթարկվողների անվանացանկում, ուստի նա արել է խարդախություն՝ համաձայնել է կաշառք վերցնել մի բանի համար, որ չէր կարող անել։ Սահակ Հարությունյանը, ըստ փաստաբանի, առհասարակ կապ չունի կաշառքի հետ և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել միայն տուժողի անընդհատ փոխվող ցուցմունքների հիման վրա:

Լուսանկարում՝ Սահակ Հարությունյանի հարազատների բողոքի ակցիան դատախազության մոտ