Home / Հայաստան / ՀՀԿ-ականներն ԱԺ-ում միշտ «կողմ են», ՀԱԿ-ի պատգամավորներն ամենաակտիվն են

ՀՀԿ-ականներն ԱԺ-ում միշտ «կողմ են», ՀԱԿ-ի պատգամավորներն ամենաակտիվն են

5-րդ գումարման Ազգային ժողովում (գործում է 2012 թվականի մայիսի 31-ից) տարբեր օրինագծերին ամենից շատը «կողմ» են քվեարկել իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորներ Հովհաննես Սահակյանը և Ռազմիկ Զոհրաբյանը՝ 370-ական անգամ։ Մեկ անգամ պակաս է «կողմ» քվեարկել ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը։

Այս մասին վկայում են parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալները։

«Կողմ» քվեարկածների առաջին տասնյակում միմիայն ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են։

Դեմ քվեարկածների թվում առաջինը ՀԱԿ խմբակցության ներկայայցուցիչ Նիկոլ Փաշինյանն է՝ 161 անգամ։ Երկրորդ տեղում «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն է՝ 103, մեկ այլ «ժառանգական» Ռուբիկ Հակոբյանը 94 անգամ է դեմ քվեարկել։

Ձեռնպահ քվեարկածների առաջին քառյակում միայն ՀՅԴ-ի ներկայացուցիչներն են՝ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արմեն Բաբայանը։

Արծվիկ Մինասյանն առաջատար է նաև ելույթ հնչեցրած պատգամավորների շարքում՝ 68 ելույթ, 2-րդը՝ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն է՝ 56 ելույթ։

Ընդհանուր առմամբ, ելույթների առումով ամենաակտիվը ՀԱԿ խմբակցության անդամներն են․ ամենաակտիվ 12 պատգամավորների թվում 5-ը ՀԱԿ-ական են։ 3-րդ տեղում 41 ելույթներով Հրանտ Բագրատյանն է, 8-րդը՝ Արամ Մանուկյանը՝ 29 ելույթ, 10-11-րդ տեղերը կիսում են Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Զուրաբյանը՝ 26-ական ելույթ, 12-րդը՝ Գագիկ Ջհանգիրյանը՝ 23։

ԱԺ օրինագծերի քննարկումներից ամենից շատ բացակայել են ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները․ կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 370 անգամ, Գուրգեն Արսենյանը՝ 185 անգամ։ Բացակաների շարքում 3-րդը «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանն է՝ 184 բացակա։ Հիշեցնենք, որ վերջինս նախորդ 6 ամսվա ընթացքում ուսուցանում էր ԱՄՆ-ում։