Home / Տեսանյութեր / Գառնեցիները կարող են զրկվել գետից․ մեղադրում են բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանին

Գառնեցիները կարող են զրկվել գետից․ մեղադրում են բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանին

Մոտ 10.000 բնակչություն ունեցող Գառնի գյուղի բնակիչները խիստ վճռական են տրամադրված թույլ չտալու, որպեսզի համայնքի կողքով անցնող գետից՝ Ազատից, ջուրը խողովակներով տեղափոխեն Արարատի մարզի մի քանի գյուղեր ոռոգման համար։ Այս մասին նրանք ասել են համայնք ժամանած Epress.am-ի թղթակցի հետ զրույցում։

Այսօր առավոտյան Գառնի էին գնացել «Հայհիդրոէներգոնախագիծ»-ի ներկայացուցիչները հանրային լսումներին մասնակցելու ու ծրագիրը համայնքի բնակիչներին ներկայացնելու համար, սակայն հանրային լսումները չեն կայացել՝ հավաքված մոտ 300 գառնեցիների անհամաձայնության պատճառով։

Մեզ հետ զրույցում գյուղացիները ներկայացրել են իրենց բողոքի հիմքերը։ Նրանց խոսքով՝ ծրագիրը հակասում է բնապահպանական և սոցիալական արդարության նորմերին և գրված է օրենքի խախտումներով։

Սոցիալական արդարության հիմանախնդիր

Գառնեցիները համոզված են՝ խողովակաշարի կառուցման հիմնական նպատակը վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսին աջակցելն է։ Գյուղի բնակիչներից մեկը, ով խնդրել է իր անունը չհրապարակել, ասել է, թե Արարատի Նարեկ գյուղում վարչապետը հիմնել է 600 հա տարածությամբ այգի, որի էժան (առանց պոմպերի օգտագործման) ոռոգման նպատակով է կառուցվում խողովակաշարը։

«Ախր, չի տանում Արարատի գյուղացու համար, այլ իր համար։ Որ իմանայինք՝ ժողովրդի այգիներն է ոռոգվելու, կասեինք՝ ջհանդամ։ Բայց գիտենք, որ իր սեփականության համար է նման որոշում ընդունել։ Իր ձկնաբուծարանների համար, իր այգիների համար։ Իսկ մեր այգիները՝ գետի ափին մոտ 40 տնտեսություն կա․․․ բոլորս էլ երեխու պես խնամել ենք մեր ծառերը, մի օրում չորանալու են»,- ասել է նա։

Գետի ափին ծառաստան և այգիներ հիմնած Համլետ Հարությունյանը հավելել է, որ, բացի այդ երկու նպատակից, վարչապետը փորձում է «երրորդ նապաստակը խփել»։

«Նա ցանկանում է ՀԷԿ սարքել։ Այո, նա էժան ջուր կտանի, սակայն միայն դրա համար այդքան ծախս չէր անի։ Չէ՞ որ մոտ 30 կմ խողովակաշար պետք է կառուցի։ Դա արվում է մի քանի ՀԷԿ կառուցելու համար»,- ասել է Հարությունյանը։

Բնապահպանական մտահոգություններ

Ըստ «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի ներկայացրած ծրագրի՝ գետի երկայնքով պետք է կառուցվի 820 սմ տրամաչափի խողովակ, որով պետք է ամառվա երկու ամիսներին ջուր տեղափոխվի Արարատի մարզի մի քանի գյուղեր։ Համլետ Հարությունյանն ասել է, որ գետի հոսքը վարար է միայն գարնանը, իսկ ամռանը՝ գետով վայրկյանում 1200 լիտր ջուր է հոսում։

«820 սմ-անոց խողովակով հենց այդքան՝ 1000-1200 լիտր է հոսելու, այսինքն՝ դա կհանգեցնի գետի ցամաքելուն։ Իսկ դա կբերի գետի շուրջ կանգնած սարերի վրա աճող ծառերի չորացման։ Ի՞նչ կլինի ձկան հետ։ Այս գետում բեղլու, կարմրախայտ, կողակ կա, իշխան ենք լցնում, այդ ձկները պարզ է, որ կսատկեն»,-ասել է Հարությունյանը։

Օրենսդրական դաշտ

Գառնեցիները նշել են, որ իրենց համայնքը, ինչպես նաև Գողթ գյուղը դեմ են նախագծին, և քանի որ իրենք են ազդակիր համայնք, ապա նախագիծը չի կարող իրագործվել։

«Երբ մի ծառի ճյուղ են կտրում ՝ տաքանալու համար, մի ձուկ են բռնում, մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվում, իսկ այս դեպքում՝ անտառ է ոչնչանալու, ու գետի բուսականություն»,- ասել է մեր զրուցակիցը։

Համլետ Հարությունյանը տեղեկացրել է, որ «Հայհիդրոէներգոնախագծի» 7 հոգանոց պատվիրակությունը իրենք ճանապարհել են՝ հորդորելով, որ հետ կանգեն այդ որոշումից։

Երևանյան պատվիակության մեկնումից հետո գառնեցիները ժողով են գումարել։ Նրանք որոշել են հետագա անելիքները։

«Եթե Կառավարությունը պնդի, որ ջուրը տանելու են, մենք որոշել ենք փակել դեպի Գառնի և Գեղարդ տանող տուրիստական ճանապարհը։ Գառնեցին ոչ մի բանի դեմ չի կանգնի։ Երկրորդը՝ մենք ոտով կգանք Երևան։ Մեր հարևան Գողթ համայնքը ևս կմիանա», – ասել է մյուս գյուղատնտեսը։

Նրա խոսքով՝ իրականում այս նախագիծը պետք է մտահոգի նաև Արարատի մարզի գյուղերի բնակիչներին, քանի որ վերցվելու է այն ջուրը, որը գնում էր դեպի Զովաշենի լիճը, որը սնում է 12 համայքներ։

«Թող Արաքսից ջուր վերցնի, մի քանի պոմպ դնի, մեր ջուրը տանում, ոռոգում է, հետո լցնում Արաքսը, որը գնում է ու՞ր՝ թուրքին»,-ասել է Համլետ Հարությունյանը։