Home / Հայաստան / Փաստաբան․ «Կան ապացույցներ, որ Ավետիք Բուդաղյանին ծեծել է նաև Սուրիկ Խաչատրյանը»․ pastinfo.am

Փաստաբան․ «Կան ապացույցներ, որ Ավետիք Բուդաղյանին ծեծել է նաև Սուրիկ Խաչատրյանը»․ pastinfo.am

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը երեկ դատարանում միջնորդել է վերացնել Սուրիկ Խաչատրյանի դեմ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննչի որոշումը, հայտնում է Pastinfo.am-ը։

Հայկ Ալումյանը գտնում է, որ քննիչը հաշվի չի առել այն ապացույցները, որոնք վկայում են, որ իր տան մոտ կայանած ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել ոչ միայն Զարզանդ Նիկողոսյանը, այլ նաև Սուրիկ Խաչատրյանը։ Ընդ որում՝ Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությունը ծեծին պայմանավորված է եղել հենց Սուրիկ Խաչատրյանի հրահանգով:

Ինչպես հետևում է Ավետիք Բուդաղյանի հայր Էմիլ Բուդաղյանի ցուցմունքներից, Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու պատճառները եղել են տնտեսական. Սուրիկ Խաչատրյանին դուր չի եկել, որ Ավետիք Բուդաղյանը տնտեսական գործունեություն է իրականացնում առանց իր հետ համաձայնեցնելու և «փայ» է պահանջել նրանից:

Ըստ փաստաբանի՝ ավտոմեքենայում ծեծելուց բացի, Սուրիկ Խաչատրյանը նաև իր առանձնատնից կրակել է Բուդաղյանի ուղղությամբ։ Դա ապացուցվում է Արտակ Բուդաղյանի ցուցմունքով, տեսագրությամբ (որում երևում է ասֆալտին դիպչած գնդակի կտրուկ վերև ուղղությամբ արտացոլումը), վերջին կրակոցի ձայնով, որը էապես տարբերվում է մյուս կրակոցների ձայնից, Ավետիք Բուդաղյանի գնդակային վնասվածքներից մեկի վերևից ներքև ուղղութամբ։

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ անցյալ տարվա հունիսի 1-ին կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժող կողմը վիճարկում է նաև քննիչ Ալեքսան Ղազարյանի երեք այլ որոշումներ։ Դրանցով քննիչը ապացուցված է համարել, որ Ավետիք Բուդաղյանը կատարել է սպանության փորձ և չի հետապնդվում միայն որովհետև մահացել է, ապացուցված է համարել, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, ինքնապաշտպանվել են, ուստի պետք է ազատ արձակվեն։