Home / Տեսանյութեր / Դիտորդները պնդում են՝ ոստիկանները խոչընդոտում են ՁՊՎ-ներում իրենց աշխատանքը

Դիտորդները պնդում են՝ ոստիկանները խոչընդոտում են ՁՊՎ-ներում իրենց աշխատանքը

Վեց ամիս շարունակ ոստիկանությունը խոչընդոտում է ձերբակալվածների պահման վայրերում (ՁՊՎ) հասարակական դիտորդական խմբի գործունեությունը։ Դիտորդները չեն կարողանում վերահսկել, թե ինչպես են իրացվում ձերբակալվածների իրավունքները։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ ասել է դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը։

«Բացի գրանցամատյաններից, մեզ թույլ չեն տալիս ծանոթանալ ՁՊՎ-ում կազմվող անձնական գործերին։ Մի քանի օր առաջ իքս մարզի իքս ՁՊՎ-ում էինք, պետը զանգեց տեսուչին, վերջինս էլ շատ կոպիտ ասաց, որ մեզ ոչ մի փաստաթուղթ չտան», – ասել է բանախոսը։

Քննարկման մասնակից ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյանի խոսքով՝ այդ գրանցամատյաններում երևում են ոչ միայն ձերբակալվածի անհատական տվյալները, այլև հարազատական կապերը, մատնադրոշմները, բնական արատները, սպիները, դատվածության մասին տեղեկությունները:

«Եթե դիտորդական խմբի անդամն այդ փաստաթղթերին ծանոթանալու համար հենց ձերբակալվածից թույլտվություն ունենա, մենք առանց որևէ խնդրի կտրամադրենք դրանք», – ասել է Առաքելյանը, չնայած դիտորդները պնդել են, թե իրականում իրենք փաստաթղթերին մատչում չունեն։

Դիտորդական խմբի անդամ Արթուր Հարությունյանի խոսքով՝ ոստիկանությունն արգելում է նաև խմբում աշխատանքների վերաբերյալ եզրակցություն տվող փորձագետի ներգրավումը։

«Մենք ունենք օրենք՝ ձերբակալվածների ու կալանավորվածների մասին, որի 47-րդ հոդվածը նախատեսում է հնարավարություն տալ հասարակությանը վերահսկողություն իրականացնել այդ վայրերում։ ԱԺ-ն այդ խմբի ձևավորման իրավասության կարգը վերապահել է ոստիկանությանը, ու, ըստ էության, ոստիկանապետի հրամանով է ստեղծվում այդ հասարակական դիտորդական խումբը», – նշել է խմբի անդամը՝ ընդգծելով, որ եթե այժմ գործող կարգով ինչ-որ մի բան կարելի է անել, չի բացառվում, որ վաղը նույն ոստիկանության պետը կարող է այնպիսի կարգ մտցնել, որով խմբի անդամները այլևս ոչ մի լիազորություն չեն ունենա։

«Եթե ոստիկանապետը վաղը հրաման ընդունի, որ մենք, բացի ՁՊՎ մտնելուց ու մաքրությանը հետևելուց, ուրիշ բանի նայել չենք կարող, կստացվի, որ մենք իրականում չկանք ու խումբը գոյություն ունենալ չի կարող։ Ոստիկանությունը, փոխանակ հնարավորությունը ընձռեռի, տանում է նրան, որ մենք այլ ճանապարհ փնտրենք։ Ստացվում է այնպես, որ այնքան են նեղացվում այդ կարգավորումները, որ բուն նպատակներդ, ինչի համար աշխատում ես, չեն ստացվում», – ասել է Հարությունյանը։

Քննարկման ժամանակ Առաքելյանը կրկին պնդել է, թե ոստիկանության դռները բաց են, խումբը անարգել, սակայն օրենքի սահմաններում կարող է մտնել ու ստուգումներ անցկացնել, իսկ Հարությունյանը դարձյալ ընդգծել է, որ իրականում այդ դռները փակ են ու հասարակությունն այդ մասին պետք է իմանա։

Նշենք, որ հունիսին դիտորդոկանա խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանին բռնության էին ենթարկել ոստիկանությունում։

Հունիսի 26-ին դիտորդական խումբը ղեկույց էր հրապարակել, որտեղ մատնանշվում էին դիտարկման արդյունքում ՁՊՎ-ներում ձերբակալվածներին բռնության ենթարկելու դեպքերը։