Home / Տեսանյութեր / Սոթքի մոտ ադրբեջանցի դիվերսանտը կրակել է մեքենայի վրա՝ սպանելով զինծառայողի․ աղբյուր

Սոթքի մոտ ադրբեջանցի դիվերսանտը կրակել է մեքենայի վրա՝ սպանելով զինծառայողի․ աղբյուր

Երեկ երեկոյան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանահատվածում՝ Սոթքից դեպի արևմուտք ընկած վայրում, ադրբեջանցի դիվերսանտը կրակ է բացել «Նիվա» մակնիշի մեքենայի վրա, որում մեկ զինծառայող և մեկ կին է եղել։ Այս մասին մեզ հայտնեց Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։ Մեր զրուցակցի համաձայն, զինծառայողը մահացել է Վարդենիսի հոսպիտալում, կինը վիրավորվել է, իսկ ադրբեջանցի դիվերսանտին ավելի ուշ սպանել են։

Վիրավոր կնոջը ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Մուրացանի հոսպիտալ։ Epress.am-ի թղթակիցը զանգահարել է հոսպիտալ, սակայն այնտեղից հրաժարվել են որևէ տեղեկություններ հայտնել։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ճշտել, որ հոսպիտալն ընդունել է հրազենային վնասվածքով մեկ անձ։

Վարդենիսում լուրեր են պտտվում, թե դա այն նույն դիվերսանտն էր, ում հաջողվել էր փախուստի դիմել Քելբաջարում։

Epress.am-ը դեպքի առնչությամբ մեկնաբանությնուն խնդրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով չհերքեց լուրը, սակայն չհայտնեց որևէ մանրամասներ՝ խոստանալով, որ ԼՂՀ ՊՆ-ն շուտով հաղորդագրություն կտարածի։