Home / Տեսանյութեր / Դատախազը պահանջել է «բերման ենթարկել» տուժողին․ վերջինիս ճնշում են, պնդում է փաստաբանը

Դատախազը պահանջել է «բերման ենթարկել» տուժողին․ վերջինիս ճնշում են, պնդում է փաստաբանը

Հուլիսի 11-ին Արմավիրի մարզի դատարանում կայացած կաշառք վերցնելու գործով դատական նիստի ժամանակ դատախազը դատարանին միջնորդել է «բերման ենթարկել տուժողին» և նրանից հանցագործության մասին հաղորդում վերցնել։ Այս մասին Epress.am-ին հայտնել է ամբաստանյալ Սահակ Հարությունյանի պաշպան Ինեսսա Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ Սահակ Հարությունյանը և Ալեքսանդր Խաչատրյանը մեղադրվում են տուժողից կաշառք՝ 400 հազար դրամ վերցնելու մեջ։ Մեղադրանքը կազմվել է տուժողի ցուցմունքի հիման վրա, սակայն նա հետագայում դատարանում հայտարարել է, որ Սահակ Հարությունյանի դեմ ցուցմունքը գրել է քննիչների պահանջով։

Նախորդ դատական նիստին տուժող Բաբկեն Բուդաղյանը հայտարարել էր, որ վեցերորդ վարչության պետ Եղիշե Պետրոսյանը իրեն փորձել է ստիպել կրկին ցուցմունք տալ ամբաստանյալների դեմ՝ սպառնալով, որ եթե չանի, մեկ այլ գործով կձերբակալվի։ Ըստ Ինեսսա Պետրոսյանի՝ «տուժողին բերման ենթարկել» եզրի օգտագործումը արդեն հուշում է, որ նրա հանդեպ ճնշումները շարունակվում են։ 

«Ես հայտարարեցի, որ տուժողի՝ դատարանում արած հայտարարության մասին ես արդեն դիմել եմ դատախազություն, ուղարկել եմ դատական նիստի կրիչը։ Այսինքն, եթե ցանկություն կա քրեական գործ հարուցել, ապա կարելի է դա անել»,- ասել է Պետրոսյանը։

Ըստ փաստաբանի՝ անհեթեթ է, որ դատախազը նաև միջնորդել է, որպեսզի դատարանը գլխավոր դատախազությանը տեղյակ պահի, որ տուժողը ցուցմունք է տվել քննիչի ու վեցերորդ վարչության պետի դեմ։ Այս ամենը, ըստ Ինեսսա Պետրոսյանի, գործը ձգձգելու և տուժողին նորից ճնշելու փորձեր են։