Home / Հայաստան / ԼՂՀ-ում ձերբակալվածին ճանաչել են համագյուղացիները, պնդում է ադրբեջանական կայքը

ԼՂՀ-ում ձերբակալվածին ճանաչել են համագյուղացիները, պնդում է ադրբեջանական կայքը

Հուլիսի 14-ին Լեռնային Ղարաբաղում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկը Դիլգամ Ասքերովն է, ով ծնունդով Քելբաջարի շրջանի Շափլար գյուղից է, հաղորդում է ադրբեջանական contact.az կայքը։

Կայքը նշում է նաև, որ ԼՂՀ ՊՆ-ի կողմից հրապարակված լուսանկարից տղամարդուն ճանաչել են համագյուղացիները։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ վերջին տարիներին Քելբաջարի նախկին բնակիչները պարբերաբար անցնում են շփման գծից այն կողմ և զբոսնում են հարազատ վայրերով։ Որպես ապացույց նշվում են համացանցում տարածվող տեսանյութերը։

Երեկ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր, թե ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:

«Արդյունքում խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել, մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից», – ասված էր պաշտոնական հայտարարության մեջ: ԼՂՀ ՊՆ-ն նաև տեսանյութ էր տարածել, որում երևում էր, թե ինչպես են երկու հատուկջոկատայիններ մեքենայից հանում մի մարդու և ձեռքերը ոլորած վիճակում շենք մտցնում:

Երեկ yerkir.am կայքը «Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները. բացառիկ կադրեր» վերնագրով մեկ այլ տեսանյութ է հրապարակել։ Կայքը նշում է, որ տեսագրությունը տրամադրել է ԼՂՀ ՊԲ-ն։ Ինչպես գրում է contact.az-ը, տեսանյութում ադրբեջանցիները խոսում են այն մասին, որ իրենք հորթ են բռնել ու խորոված են անում, ինչպես նաև «Ջերմուկի» շշի մեջ օղի են վերցրել գյուղում։ «Թող մեր զինվորականները գլուխներս չտանեն, որ այստեղ վտանգավոր է գալ», – ըստ ադրբեջանական կայքի՝ ասում է նրանցից մեկը։

Նշենք, որ ադրբեջանցիների՝ ԼՂՀ-ի տարածքում գտնվելու մասին լուրերը ԶԼՄ-ներում տարածվել են հուլիսի 9-ից սկսած։ Միայն հաջորդ օրը ԼՂՀ ՊՆ-ն հաստատել է, որ Քելբաջարի մոտ ձերբակալել է ադրբեջանցի Շահբազ Ջալալօղլու Գուլիևին։

Epress.am-ի հետ զրույցում Քելբաջարի բնակիչները պատմել էին, որ նրան և ևս մեկ ադրբեջանցու նկատել է մի կին, ով այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը։

Գուլիևի ձերբակալությունից 3 օր անց ադրբեջանցիները սպանել էին 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել էին 37-ամյա Կարինե Դավթյանին։