Home / Հայաստան / Շանթ Հարությունյանը դատարանում պնդել է, որ ոստիկանը զրպարտում է իրեն

Շանթ Հարությունյանը դատարանում պնդել է, որ ոստիկանը զրպարտում է իրեն

Այսօր քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստին հարցաքննվել է որպես տուժող անցնող ոստիկան Գեղամ Խաչատրյանը։

Ըստ գործի նյութերի՝ նոյեմբերի 5-ի երթի ժամանակ նա ամենից շատն է տուժել։ Հենց Գեղամ Խաչատրյանն է եղել այն ոստիկանը, ով փորձել է կասեցնել Շանթ Հարությունյանի մուտքը Մաշտոցի պողոտա: Ոստիկանը դատարանում հայտնել է, որ ինքը առաջնորդվում էր ոստիկանության մասին օրենքով և ընդամենը փորձել է կարգուկանոն հաստատել:

Խաչատրյանի խոսքով՝ ինքը տեսել է ինչպես էին Շանթ Հարությունյանի ընկերները ծեծում երկու քաղաքացիական հագուստով մարդկանց, ովքեր գետնին ընկած բղավում էին, որ ոստիկան են:

«Բայց Շանթ Հարությունյանի համակիրները շարունակում էին ծեծել նրանց»,- ասել է հարցաքննվողը:

Նա նշել է նաև, որ ծեծի հետևանքով ինքը հիվանդանոցում է հայտնվել, ու այդ ընթացքում իրեն այցելության է եկել ոստիկանության համակարգում աշխատողների 80%-ը:

Ոստիկանն ասել է, թե իր հաշվարկներով երթին մասնակցել է մոտ 30 մարդ, որոնց էլ դիմել է Շանթ Հարությունյանը՝ ասելով, որ գնում է դեպի Բաղրամյան 26: Հարությունյանը հակադարձել է՝ նշելով, թե տուժողը «շառ է անում», քանի որ ինքը նման հրապարակային կոչով հանդես չի եկել:

Քաղբանտարկյալը պահանջել է դատարան բերել նոյեմբերի 5-ին արված տեսանյութերը՝ համոզվելու, որ ինքը նման բան չի ասել:

«Ես չեմ կարող հարգանքով վերաբերել մեկին, ով զրպարտում է ինձ ու զրպարտությամբ ցանկանում է ինձ կալանքի մատնել»,-ասել է Շանթ Հարությունյանը: