Home / Հայաստան / Մոսկվայում ձերբակալված Լևոն Հայրապետյանին կասկածում են փողերի լվացման մեջ

Մոսկվայում ձերբակալված Լևոն Հայրապետյանին կասկածում են փողերի լվացման մեջ

Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է խոշոր հայ գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան:

Հայրապետյանին կասկածում են հանցավոր եղանակով ձեռք բերված դրամական միջոցների վատման և լվացման մեջ։ Դատարանի որոշման համաձայն՝ գործարարը կալանքի տակ կգտնվի մինչև սեպտեմբերի 15-ը:

Տվյալ քրգործի հետաքննության շրջանակներում կալանք է դրվել նաև Հայրապետյանի՝ «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 միլիոն ռուբլին:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից բերման էր ենթարկվել հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել էր Մոնակոյից։ Գործարարի դեմ գործողություններն իրականացվում են «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում: Խմբի հետ Հայրապետյանի ենթադրյալ կապի մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով գտնվում է ցմահ ազատազրկման մեջ։