Home / Տեսանյութեր / «Քաղաքական հետապնդում»․ 6 տարվա ազատազրկում Վոլոդյա Ավետիսյանի համար

«Քաղաքական հետապնդում»․ 6 տարվա ազատազրկում Վոլոդյա Ավետիսյանի համար

Այսօր 18։00-ի սահմաններում Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը Լևոն Ավեստիսյանի նախագահությամբ խարդախության և խարդախության փորձի մեջ մեղավոր է ճանաչել ազատամարդիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին և նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման: Համաձայն մեղադրականի, Ավետիսյանը 2000 դոլար է վերցրել Հենրիխ Զաքարյանից՝ նրա թոռանը ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդու զորամասը փոխելու համար։ Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հայտարարել է, որ վճիռը բողոքարկվելու է։

Մինչ դատավճռի հրապարակումը՝ Ավետիսյանը հանդես է եկել վերջին ճառով:

«Ռեժիմն է մեղավոր, որ ես հայտնվել եմ ամբաստանյալի աթոռին»,- ասել է նա և կոչ արել ողջ աշխարհի հայերին վերադառնալ և տեր կանգնել հայրենիքին, թույլ չտալ, որպեսզի «թուրքահպատակ իշխանությունը» Հայաստանը թողնի առանց հայերի:

Դատարանը ամբաստանյալի վերջին խոսքից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ հրապարակելու, իսկ այդ ընթացքում դահլիճում հավաքված մարդիկ սկսել են բղավել՝ «հերոս, հերոս»:

Ավետիսյանը դատավարության ողջ ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ նա բազմիցս ասել է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։ Դատական նիստերից մեկի ընթացքում Ավետիսյանն ասել էր, որ ազամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով ակցիաների մեկնարկից հետո իրեն զգուշացրել էին, որ «գլխին կսարքեն»։

Քաղաքական դրդապատճառներով Ավետիսյանի ձերբակալության մասին Ազգային ժողովում խոսել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։