Home / Հայաստան / Բնապահպաններն ուզում են մեծացնել ՀՀ-ի կողմից ստացվող վարկերի օգտագործման ընթացքի վերահսկողությունը

Բնապահպաններն ուզում են մեծացնել ՀՀ-ի կողմից ստացվող վարկերի օգտագործման ընթացքի վերահսկողությունը

Հունիսի 29-ից հուլիսի 2-ը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում անցկացված Օրհուսի կոնվենցիայի Կողմ երկրների հինգերորդ հանդիպման ընթացքում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը բարձրացրել է Հայաստանում առկա բնապահպանական ոլորտի խնդիրները, որոնք լուծում չեն ստանում գործող իշխանությունների օրոք։ Այս մասին նշված է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։

Արթուր Գրիգորյանը հնչեցրել է ավելի քան 50 տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի պատգամավորների և այլ անհատների առաջարկը՝ Հայաստանի կառավարության նկատմամբ պատասխանատվության անհատական միջոցներ կիրառելու վերաբերյալ, որոնց միջոցով Հայաստանի հանրությունը հնարավորություն կստանա կասեցնել բնապահպանական, կայուն զարգացման և այլ նպատակների անվան տակ միջազգային կառույցներից Հայաստանի կառավարությանը տրվող և վատնվող ֆինանսական միջոցները, քանի դեռ կառավարությունը չի կատարել Օրհուսի կոնվենցիայի պահանջները: Համապատասխանության կոմիտեի նախագահի Ջոնաս Էբեսսոնը խնդրել է առաջարկը գրավոր ուղարկել և հրավիրել է մասնակցելու Ժնևում կայանալիք Համապատասխանության կոմիտեի առաջիկա նիստին՝ մոտեցումը ավելի մանրակրկիտ քննարկելու համար:

Հանդիպման ընթացքում քննվել են Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիայի ձախողման և դրա համար պատասխանատվության հարցերը:

Կողմերի հանդիպման ընթացքում հաստատվել է Համապատասխանության կոմիտեի որոշումն այն մասին, որ Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականությունը վիճարկող հայցով հասարակական միավորումներին դատարան դիմելու իրավունքից զրկելով՝ Հայաստանի կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայով ամրագրված դրույթը:

Նախաձեռնության հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի կառավարության կողմից իր միջազգային պարտավորությունները ձախողելու վերաբերյալ երրորդ որոշումն է, ինչը նշանակում է, որ Ղազախստանի ու Թուրքմենստանի հետ միասին Հայաստանը հայտնվել է Օրհուսի կոնվենցիայի նույն դրույթները պարբերաբար ձախողած երկրների շարքում: Այս որոշմամբ իրավաբանորեն ամրագրվել է շահագրգիռ հանրության իրավունքը՝ ինչպես Թեղուտի, այնպես էլ շրջակա միջավայրին առնչվող այլ անօրինական նախագծերը դադարեցնելու հայցով դիմելու դատարան:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որ առաջիկայում նախատեսվում է լայն հասարակական-քաղաքական համագործակցության միջոցով ավելացնել ճնշումը և հանրային վերահսկողությունը Հայաստանի կառավարության ֆինանսական հոսքերի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի վարկերի օգտագործման արդյունավետության նկատմամբ, ընդհուպ մինչև դրանց կասեցում, քանի դեռ բնապահպանական օրենսդրությունն ու ժողովրդավար կառավարումը Հայաստանում տեղ չեն գտնում։