Home / Տեսանյութեր / Փարաջանովը կենդանի լինելու դեպքում Մայդան դուրս կգար, վստահ է Ուկրաինայի դեսպանը

Փարաջանովը կենդանի լինելու դեպքում Մայդան դուրս կգար, վստահ է Ուկրաինայի դեսպանը

Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են Ուկրաինայի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան: Դեսպանը նշել է, որ զգացված է, որ Հայաստանի ԶԼՄ-ները հետևում են Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին և սրտացավ են:

Դեսպանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները պետք է խորացվեն, չնայած նրան, որ Հայաստանը մտնելու է Մաքսային Միություն: Այդ հանգամանքը, սակայն, կդրդի մինչև տարեվերջ նոր մաքսաչափեր սահմանել՝ Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները կարգավորելու համար: Կուխտան ասել է, որ դա հիմնականում կազդի շինտեխնիկայի գների վրա, քանի որ Ուկրաինան մատակարարում է Հայաստան ներմուծվող շինանյութի ծանրակշիռ մասը:

Հայ-ուկրաինական հարաբերությունների մասին խոսելով՝ դեսպանը հիշատակել է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին:

«Նա մեծ վարպետ էր, ով կարևոր դեր է ունեցել ուկրաինական կինոյի զարգացման մեջ: Փարաջանովը հայ էր, որ ծնվել էր Վրաստանում, նստել էր ռուսական բանտում՝ ուկրաինական ազգայնականության համար: Ես համոզված եմ, որ եթե Փարաջանովը կենդանի լիներ, ապա առաջիններից մեկը կլիներ Մայդանում»,- ասել է Իվան Կուխտան: 

Լուսանկարը՝ Մ․Վարտանով