Home / Հայաստան / Կուտակայինի մասին օրենքը շարունակում է հակասահմանադրական լինել․ քննարկում

Կուտակայինի մասին օրենքը շարունակում է հակասահմանադրական լինել․ քննարկում

Կուտակային կենսաթոշակի մասին նոր օրենքի ընդունումից հետո դրա գործողության մեխանիզմը շարունակում է լինել պարտադիր, ինչը անբացատրելի է և հակասում է Սահմանադրությանը։ Կուտակային կենսաթոշակային համակարգի առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների շուրջ քննարկման ընթացքում այսօր Արմավիրում նման կարծիք է հայտնել իրավաբան Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներից հետո կուտակային համակարգի մասին օրենքը, որի նախնական տարբերակով այն պարտադիր էր 1974 թվականից հետո ծնված բոլոր մարդկանց համար, փոփոխությունների է ենթարկվել և այժմ այն պարտադիր է պետական կառույցների բոլոր աշխատակիցների համար, իսկ մասնավոր հատվածի համար օրենքը պարտադիր է լինելու 3 տարի անց։

«Այս օրենքում ներդրված՝ գումարը գանձելու, կառավարչին տալու, պտտելու, վերադարձնելու մեխանիզմը, ըստ էության, պարտադիր է, բայց անունը ոչ պարտադիր է՝ կուտակային, զուգակցվել են երկու առանձին հայեցակարգեր», – այդ առնչությամբ ասել է Ղազարյանը։

Քննարկման մասնակից, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշել է օրենքի ևս մեկ կասկածելի ասպեկտ՝ այն աշխատակիցները, ովքեր ծնվել են 1996 թվականի հունվարից հետո և նոր աշխատաշուկա են մտնում, նրանք ևս պարադիր ձևով մասնակցելու են վճարելուն։

«Որոշակի քաղաքական, տնտեսական խտրական հիմքեր կան դրա հետ [օրենքի] կապված՝ այս քաղաքացիական շարժման հիմքում մեծամասամբ մասնավոր սեկտորի, ՏՏ ոլորտի աշխատողներ էին և պետական սեկտորի աշխատողները բավական պասիվ էին։ Թեև կային կոլեկտիվներ, որ դուրս եկան, օրինակ, Ատոմակայանի աշխատակիցները և էլի խմբեր, այնուամենայնիվ քիչ էին», – ասել է տնտեսագետը։

Ղազարյանը նշել է, որ օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու մասին ՍԴ-ի որոշումը քաղաքական էր և կայացվեց քաղաքացիական շարժումը զսպելու, թուլացնելու և մասնավոր սեկտորին տուն ուղարկելու համար, սակայն օրենքում Սահմանադրությանը հակասող կետեր դեռևս կան։

«Մենք ունենք երկու խումբ՝ մասնավոր ու պետական սեկտորում աշխատող երիտասարդներ․ մեկին ասում են՝ պետք է պարտադիր վճարես, մյուսին, թե 3 տարի ունես։ Այս գործը պետք է հասցնել ՍԴ և տալ մեկ հարց՝ արդյո՞ք խտրական չէ օրենքի 81-րդ հոդվածում այն դրույթը, որը սահմանում է 3 տարվա տարբերակված մոտեցում։ ՍԴ-ն ուրիշ ելք չունի, քան հակասահմանադրական համարելու, եթե կրկին ինչ-ինչ դավադրությունների զոհ չդառնա։ Օրենքը ինձ հույս տվեց, որ ՍԴ-ն ուզեցած պահի ատամներ է ցույց տալիս։ Հիշում եք՝ ինչ սկանդալ էր կառավարությունում, իսկապես նրանք շոկի մեջ էին, պլանները փլվեցին, ընդհուպ վարչապետը ստիպված հրաժարական տվեց, տարիների աշխատանքը ջուրն ընկավ։ Սա դեռ մեկ հոդվածի մասին է, մինչդեռ այս օրենքում շատ հոդվածներ կգտնվեն ու բանիմաց կերպով գործը պետք է հասցնել ՍԴ ու կարծիք պահանջել։ Դատարանը նորից փաստի առաջ կկանգնի ու ուզած-չուզած կանդրադառնա այս օրենքին, այս խնդիրը պետք է պահել եփած վիճակում», – ասել է իրավաբանը։