Home / Հայաստան / Լրագրողն իր դեմ գործը կապում է իր գործունեության հետ․ փաստաբանը չի շտապում հետևություններ անել

Լրագրողն իր դեմ գործը կապում է իր գործունեության հետ․ փաստաբանը չի շտապում հետևություններ անել

Հուլիսի 18-ին լրագրող, քաղաքացիական ակտիվիստ Հովհաննես Եսայանը հրավիրվել է Քանաքեռ Զեյթունի ոստիկանական բաժանմունք՝ մեկ ամիս առաջ իր տան շքամուտքում ծեծի ենթարկվելու գործի առիթով, որտեղ նրան ձերբակալել են այլ գործի շրջանակներում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Եսայանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի գիշերը երկու անհայտ անձինք շենքի շքամուտքի առաջ հարձակվել էին Եսայանի վրա և ծեծել նրան: Այս դեպքի մասին հայտարարելով՝ Եսայանն ասել էր, որ ծեծը համարում է նախորդ օրերին սոցցանցերով ստացած սպառնալիքների իրականացում. իր ֆեսյբուքյան էջում Եսայանը գրել էր, որ «Լրատվական օլիգարխիա․ օֆշորից մինչև Վովա․ իշխանությունների «պահպանակը»» հոդվածը հրապարակելուց հետո սպառնալիքներ, ահաբեկող ու վարկաբեկող նամակներ ու մենաբանություններ է ստացել «slaq.am-ին պատկանող ֆեյք օգտատերերի կողմից:

Եսայանի փաստաբան Սարգսյանը, սակայն, վաղ է համարում հայտարարելը, թե նոր քրեական գործ հարուցելը կապ ունի ծեծի առթիվ Եսայանի ներկայացրած բողոքի հետ, այսինքն, որ դա իշխանությունների պատասխանն է: «Առայժմ ես իմ եզրակացությունները, մտքերը չեմ հրապարակում: Դեռ պետք է սպասել նախաքննության արդյունքներին: Ես արդեն արձագանքել եմ նախաքննական մարմնի կայացրած առաջին որոշմանը՝ բողոքարկելով Եսայանին կալանքի տակ պահելու որոշումը»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է քր. օրենսգրքի 182-րդ հոդվածի 2 կետի 3.1 մասով, այն է՝ դրամաշորթում: Եսայանը մեղադրվում է «Մայամի» հյուրանոցային համալիրի նախկին վարձակալ Աստղիկ Շաքարյանից մեկ միլիոն դրամ շորթելու մեջ: 

Լուսանկարը՝ ararum.am