Home / Հայաստան / Կառավարության «հերթական այլանդակությունը»՝ ըստ Արամ Մանուկյանի

Կառավարության «հերթական այլանդակությունը»՝ ըստ Արամ Մանուկյանի

«Որոտան ՀԷԿ-երի համալիր»-ի պարտքերը «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46.73 տոկոս բաժնեմասերի հաշվին մարելու որոշումը Կառավարության «հերթական այլանդակությունն է»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հերթական անգամ, երբ բացահայտվում է գումարի կորուստ, ՀՔԾ-ում գործ հարուցելու փոխարեն ՀՀ կառավարությունը մտածել է այդ կորուստներն այլ գույքի հաշվին մարել: Ըստ Արամ Մանուկյանի՝ «Որոտանի» պարտքի մասին հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ համալիրի վաճառքի մասին ինքը՝ Մանուկյանը, դիմել է դատախազություն:

««Որոտանի» հարցում երկու հիմնական խախտում կա: Վաճառքի մասին գործարքը հակասում է ՀՀ օրենքներին, քանի որ նման ռազմավարական օբյեկտը ենթակա չէ վաճառվելու: Երկրորդ՝ այն վաճառվում է ինքնարժեքից շատ ավելի էժան գնով: Ես այս հարցերով դիմել եմ դատախազություն, առայժմ ոչ մի պատասխան չկա»,- ասել է Արամ Մանուկյանը: 

Նրա խոսքով՝ Կառավարությունը, փաստորեն, ոչ միայն չի կատարում ԱԺ ոչ իշխանական քառյակի պահանջները, մասնավորապես, «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքը բացառելու մասին պահանջը, այլև «Որոտանի» հարցով ևս մեկ անօրեն որոշում է կայացրել: