Home / Հայաստան / Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ընկերությունները նվազեցրել են վճարվող հարկերի ծավալները. «ՀԺ»

Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ընկերությունները նվազեցրել են վճարվող հարկերի ծավալները. «ՀԺ»

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակում զգալիորեն նվազեցրել են իրենց վճարած հարկերի ծավալները: Ընդհանուր առմամբ, նվազումը կազմում է ավելի քան 7 տոկոս, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Այսպես, «Մեգաֆուդ», «Մեգակոնցերն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն» և «Ալյանս տերմինալ» ընկերություններն այս տարվա առաջին կիսամյակում վճարել են 917 մլն դրամի հարկ այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 988 մլն դրամ:

Անցած ամիս ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտարարել էր, թե ՊԵԿ-ը կազմել է տնտեսվարողների «սև ցուցակ», որտեղ ներառված են այն ընկերությունները, որոնք կասկածվում են ստվերային գործունեության մեջ: Սակայն, այդ ցուցակը գաղտնի է պահվում, ուստի դժվար է ասել ՀՀ ֆիննախի կազմում գործող ՊԵԿ-ի տեսանկյունից Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող վերը նշված ընկերությունները կասկածելի՞ են, թե ոչ», – գրում է թերթը: