Home / Հայաստան / Բրիտանիան և ԱՄՆ-ն կողմերին կոչ են անում նվազեցնել լարվածությունը սահմանին

Բրիտանիան և ԱՄՆ-ն կողմերին կոչ են անում նվազեցնել լարվածությունը սահմանին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարոււթյունն իր մտահոգությունն է հայտում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ծավալվող բռնության դեպքերով և հորդորում է բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Անցած շաբաթ ականատեսն էինք ԼՂ-ի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում արագ վատթարացող իրավիճակի: Մարդկային զոհերը և մեծաքանակ ռազմական տեխնիկայի օգտագործումը ամենամտահոգիչն են հրադադարի քսանամյա պատմության մեջ:

«Միացյալ Թագավորությունը դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալու 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին: Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքթոնի՝ հրադադարի 20 ամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունը՝ հորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը խորը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ: Դեսպան Հեֆերնն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին և կոչ արել լիցքաթափել իրավիճակը բոլոր կողմերին: