Home / Հայաստան / Խաղաղապահ զորքերի անհրաժեշտություն չկա, պնդում է Սեյրան Օհանյանը

Խաղաղապահ զորքերի անհրաժեշտություն չկա, պնդում է Սեյրան Օհանյանը

Վերջին մի քանի օրվա ընթացքում ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները կանխել են հակառակորդի 20-ից ավելի դիվերսիոն փորձեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարը ցավակցություն է հայտնել սահմանին մահացած զինծառայողների հարազատներին։ Նրա խոսքով՝ ժողովուրդը բարձր է գնահատում հայկական բանակի գործողությունները և այդ գնահատանքը ավելի թանկ է, քան որևէ շքանշան կամ պատվավոր աստիճան։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք չենք կարող տրվել հասարակության ճնշմանն ու բացահայտել տեղեկություններ մեր պատասխան` պատժիչ գործողությունների վերաբերյալ»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով սահմանին լարվածության մեծացման պատճառներին՝ նախարարն ասել է, որ հակամարտության լուծման բանակցություններին վերաբերող ամեն միջազգային հանդիպման նախաշեմին նման լարվածություններ լինում են։ Նշենք, որ օգոստոսի 8-9-ին Սոչիում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։

«Մինչև Սոչիի հանդիպում հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել, բայց հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է ինձ համար»,- ասել է Պաշտպանության նախարարը։

Ինչ վերաբերում է այն կանխատեսումներին, թե իրավիճակը վերահսկելու համար խաղաղապահ զորքեր պետք է ներգրավվեն, Սեյրան Օհանյանն ասել է, որ նման անհրաժեշտություն չկա։

«Ղարաբաղյան հակամարտությունը աշխարհում միակն է, որտեղ հրադադարը պահպանում են կողմերը»,- ասել է Սեյրան Օհանյանը։