Home / Բանակ / «Ղարաբաղի չափ վիշտը»․ ինչպես են աղքատների մահն արդարացնում պատերազմով

«Ղարաբաղի չափ վիշտը»․ ինչպես են աղքատների մահն արդարացնում պատերազմով

Ադրբեջանցի գրող, հրապարակախոս Գյունել Մովլուդի հոոդվածը․

Գրող, պատգամավոր Ագիլ Աբբասն ասել է՝ պատերազմը նրա համար է, որ զինվորներ զոհվեն․․․

Հեշտ է նման կերպ արտահայտվել ազգի զավակների մահվան մասին։ Հեշտ է նրանց մահվան ուղարկել։ Առաջինը՝ հիմա պատերազմ չկա։ Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել զինադադարի դադարեցման մասին։ Երկրորդը՝ եթե երկրում պատերազմ է, ինչո՞ւ Ագիլ Աբբասի երեխաները ճակատում չեն։ Նա երկու որդի ունի։ Նրանցից մեկն աշխատում է մաքսատանը, մյուսը՝ ոստիկանությունում։ Ինչո՞ւ Ագիլ Աբբասն իր որդիներին չի ուղարկում շփման գիծ։ Աղքատ, անպաշտպան մարդկանց երեխաների մահն այս մեծ գրողն արդարացնում է պատերազմով։

Այո, հանուն հայրենիքի շահիդ են դառնում։ Ագիլ Աբբասը, սակայն, այն մարդը չէ, ով իրավունք ունի դա արդարացնել։ Ժողովուրդը Աբբասի անկեղծությանը կհավատար, եթե այդ տասնմեկ զոհվածներից մեկը նրա որդին լիներ։ Մարդը, ով որդիներին տեղավորել է եկամտաբեր պաշտոնների, բնակեցրել շքեղ վիլլաներում, նստեցրել թանկարժեք մեքենեներ, իրավունք չունի ասել՝ «պատերազմը նրա համար է, որ զինվորներ զոհվեն»։

Ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր Գանիրա Փաշաևան հեռուստաալիքներին քննադատել է այս օրերին շոու ծրագրեր ցուցադրելու համար։ Հեռուստատեսությունն ինչո՞ւմ է մեղավոր։ Հեռուստատեսությունն ի՞նչ պետք է ցուցադրի, եթե արգելված են քաղաքական հաղորդումները, արգելված է խոսել սոցիալական խնդիրների մասին, արգելված է ճշմարտությունն ասել։

Մեծահարուստներից ոմանք, որոնց խնամակալության տակ են գտնվում այդ երգչուհիները, ինչու ոչ, նաև երգիչները, նստած են Միլի մեջլիսում, նախարարություններում, ոմանք՝ էլ ավելի բարձր տեղերում։ Տիկին Գանիրան հեռուստատեսությանն ուղղված խոսքերը հենց այդ մարդկանց թող ասի։ Թող իր գործընկեր պատգամավորներին հարցնի՝ ինչու նրանց որդիները շահիդներ չեն դառնում։ Ինչո՞ւ չի հարցնում՝ ինչ հնարքներով, ինչու և ինչպես են իրենց որդիներին պաշտպանում զինվորական ծառայությունից։

Երեկ մեր զինվորներից ևս չորսը շահիդ դարձան։ Հանուն ինչի՞ են զոհվում այդ երեխաները։

Մի՞թե այդքան դժվար է տեսնել՝ ինչի համար են զոհաբերվում այս երեխաները։ Երկրում մշտապես ձերբակալություններ են տեղի ունենում։ Ամեն օր մի, կամ միանգամից մի քանի մարդ հայտվում է կալանքի տակ։

Հասարակությունը վրդովված է Լեյլա Յունուսի ձերբակալությամբ ու վրացական սահմանին 3 տոննա հերոին առգրավելու հարցով։ Պետք է արդարացնել այս ձերբակալություններն ու շեղել ուշադրությունն այս այլանդակությունից։ Ու դրա համար անհրաժեշտ է թշնամուն էլ ավելի մեծ թվով սպանություններ վերագրել, սրել ատելությունը։ Շիկացնել թշնամանքն ու հանգիստ ձերբակալություններ իրականացնել։ Շատ հարմար է․․․

Սա ոչ պատերազմ է, ոչ էլ հրադադարի ռեժիմի խախտում։ Սա մանիպուլյացիա է, որն իրականացվել է երկու ղեկավարների համաձայնության ու համագործակցության շնորհիվ․ ղեկավարներ, որոնք հանդիպում ու միմյանց հետ վիսկի են խմում։

Նման մանիպուլյացիաներ պարբերաբար իրականացվում են։ Երբ երկրներից որևէ մեկում տեղի է ունենում միջադեպ, որն առաջացնում է ժողովրդի վրդովմունքը, զոհաբերվում են շփման գծի զինվորները, գրավվում, այնուհետև հանձնվում են ինչ-որ բարձունքներ, իսկ թափված արյան ֆոնին մոռացվում են թե երկրում տեղի ունեցող անօրինականությունները, թե ձերբակալությունները, թե անարդարությունը․․․

Հին Հռոմում գլադիատորական մարտեր էին անցկացնում։ Տիրակալները, քաղաքական գործիչները, ազնվականները նստում էին ու դիտում ստրուկների մարտերը։ Որքան ավելի շատ արյուն էին թափում ստրուկները, որքան ավելի ցավոտ ու տանջալի էին նրանց վերքերը, այնքան ավելի մեծ հաճույք էին ստանում ու հրճվում տիրակալներն ու ազնվականները։ Այժմ՝ 21-րդ դարում, երկու ղեկավարները միմյանց դեմ գլադիատորական մարտերի են դուրս բերում երկու ժողովուրդների, որոնք կոչվում են «հայեր» ու «ադրբեջանցիներ»։

Մեր կողմից մահացել է տասը մարդ, նրանց կողմից մահացել է տասը մարդ, նրանք վիրավորում են մեզ, մենք վիրավորում ենք նրանց, մենք թափում ենք արյուն, նրանք թափում են արյուն։ Ըստ էության, այս երկու ժողովուրդները ոչնչով չեն տարբերվում Հին Հռոմի գլադիատորներից։ Պատերազմում, վիրավորվում ու մահանում են ազգի զավակները, որոնց վերածել են ստրուկի։

Վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է ժողովրդական դիվանագիտությունը։ Հայտնվել են մեկ-երկու նորմալ մարդիկ, որոնք կոչ են անում վերջ տալ ատելությանն ու պատերազմին։ Բացահայտվում են իշխանությունների հեքիաթներն ու լեգենդները «թշնամիների» ու «Ղարաբաղի չափ վշտի» մասին։ Հետևաբար, անհրաժեշտ էր շտապ միջոցներ ձեռնարկել, շփման գծում արյուն թափել, թեժացնել ատելությունը։

Ոմանք ընկել են աղդեցության տակ։ Ոմանք այժմ էլ պայքարի, պատերազմի կոչեր են անում։ Դա հասկանալի է։ Դավաճանության հետ բախված ու կոտրված մարդիկ լավ հնարավորություն են ստացել ծախվելու տան, պաշտոնի, 500-ից 700 մանաթանոց աշխատանքի դիմաց։ Ոմանց համար լավ հնարավորություն է ստեղծվել փորձել ցույց տալ, որ դեռ ողջ են ու չեն ջնջվել քաղաքական ու հասարակական ասպարեզից։ Ժողովրդի բարեհաճությունը շահելու ամենաանվտանգ, ամենահարմար միջոցը Հայրենիքի, Ղարաբաղի, ժողովրդի մասին խոսելն է։

Շատերն անգամ պատկերացում չունեն՝ ինչ է պատերազմը։ Պատերազմի իրական դեմքը նրանք չեն տեսել։ Պատերազմը կողմերից ոչ մեկին չի կարող օգուտ տալ՝ անկախ նրանից, թե ով կհաղքի, ով կպարտվի։ Պատերազմի ետևում արյուն է, արցունքներ, ոչնչացված տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, պատերազմի ետևում մահ է, բռնաբարություններ, և, իհարկե, մարդկային կերպարի կորուստ։ Պատերազմի մասնակիցները, մարդու սպանած նորմալ մարդիկ պատերազմի ավարտից հետո տառապում են։

Նորմալ մարդիկ պատերազմից վախենում են։ Գուցե, դա վախկոտություն է։ Բայց ավելի լավ է վախկոտ լինել ու խաղաղություն ցանկանալ, քան լինել հերոս ու պատերազմի ձգտել։