Home / Հայաստան / Հայաստանում ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանները կոչ են արել հարգել հրադադարի պայմանագիրը

Հայաստանում ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանները կոչ են արել հարգել հրադադարի պայմանագիրը

ԵԱՀԿ համանախագահ երկրների հայաստանյան դեսպանները ղարաբաղյան հակամարտության կողմերին հորդորել են խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը։ Այս մասին նրանք ասել են այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշվում է ԱՄՆ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, Սարգսյանի հետ հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը:

Դեսպաններն իրենց ցավակցությունն են հայտնել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ Սարգսյանը ներկայացրել է ներկայիս իրադրությունը:

Համաձայն հաղորդագրության, Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ են արել կողմերին և հույս են հայտնել, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, իր հերթին, այսօր պաշտոնապես հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա ՀՀ նախագահի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը:

Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը», – ասված է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: