Գլխավոր / Հայաստան / Թուրքիայի նախագահի թեկնածուն պատրաստ է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի նախագահի թեկնածուն պատրաստ է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի նախագահի թեկնածու, ազգությամբ քուրդ Սելահեթին Դեմիրթաշը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին նախագահի թեկնածուն ասել է թուրքերեն և հայերեն լեզուներով Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» պարբերականի հետ զրույցում։

«Ես արդեն երկար տարիներ մարդու իրավունքների պաշտպան եմ ու 8 տարի է՝ քաղաքականությամբ եմ զբաղվում։ Քաղաքականությունն ինձ հետաքրքրել է դեռևս ուսանողական տարիներից, ու ես միշտ համարել եմ, որ հայ ժողովրդի դեմ իրականացվածը ցեղասպանություն է եղել»,- ասել է Դեմիրթաշը։

Քաղաքական գործչի խոսքով՝ 1915 թվականին տեղի ունեցածը կազմակերպված ոճիր էր, բնաջնջման քաղաքականության արդյունք։

«Հետագայում նույն քաղաքականության զոհը դարձան նաև քրդերը, թեև՝ ոչ այդքան դաժան ձևով»,- նշել է նա։

Դեմիրթաշը հայտարարել է, որ իրեն ընտրողները պետք է իմանան, որ ամեն տարի ապրիլի 24-ին կատարելու է իր պարտքն ու հարգանքի տուրք է մատուցելու այդ ողբերգության զոհերին։ Թեկնածուն, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ հայերի դեմ հանցագործությունն իրականացրել է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ՝ Թուրքիայի այն ժամանակվա իշխանությունը։

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2014 թվականի օգոստոսի 10-ին։ Այս տարի առաջին անգամ երկրի նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ՝ Թուրքիայի քաղաքացիները՝ 5 տարի ժամկետով։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են նաև Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն։