Home / Հայաստան / Կարմիր խաչի պատվիրակությունը հանդիպել է ձերբակալված ադրբեջանցիների հետ

Կարմիր խաչի պատվիրակությունը հանդիպել է ձերբակալված ադրբեջանցիների հետ

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն հանդիպել են ԼՂՀ տարածքում հուլիսին ձերբակալված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևի, Դիլհամ Ասքերովի հետ։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

Ամատունին հանդիպման մասին մանրամասներ չի հաղորդել՝ նշելով, որ ձերբակալվածների հետ հանդիպման մասին իրենք կարող են հայտնել միայն ՀՀ կառավարությանը։

Հիշեցնենք, որ ԼՂՀ դատախազությունն Ադրբեջանի քաղաքացիներին մեղադրում է լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգման, զենքի գործադրման, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասքերովը, ինչպես նաև սպանված Հասան Հասանովը, երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվում է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։