Home / Հայաստան / Ոստիկանության զանգից հետո «Թումոն» արգելել է Գանդիի մասին ֆիլմի ցուցադրումը (թարմացված)

Ոստիկանության զանգից հետո «Թումոն» արգելել է Գանդիի մասին ֆիլմի ցուցադրումը (թարմացված)

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը երեկ արգելել է Թումանյանի այգում Մահաթմա Գանդիի մասին պատմող «Ուժից ավելի ուժեղ» ֆիլմի ցուցադրությունը, թեև նախապես համաձայնել էր ֆիլմի ցուցադրման կազմակերպիչներին տրամադրել տեխնիկա և աթոռներ։

«Թումո»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Այվազյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ կազմակերպության որոշումը պայմանավորված է նրանով, որ ցուցադրումից րոպեներ առաջ իրենք պարզել են, թե ֆիլմի դիտմանը ներկա են միայն «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, մինչդեռ ֆիլմի ցուցադրման համար դիմած կազմակերպությունը նշել է, որ միջոցառմանը պետք է ներկա լինեն արվեստագետներ, հնդիկ ուսանողներ։

«Մենք «Դեմ եմ»-ի որևէ անդամի հետ չենք խոսել, մենք պայամանավորվել էինք միայն «The Screenery» կազմակերպության հետ։ Մենք նրանց հետ համագործակցության մեծ փորձ ունենք, հաճախ են մեզ մոտ միջոցառումներ կազմակերպել»,- ասել է Գայանե Այվազյանը։

«Թումո»-ի ներկայացուցչի խոսքով՝ կենտրոնը երեխաների կրթությամբ է զբաղվում և թեև հարգում է նրանց կրոնական և քաղաքական ազատությունները, սակայն չի կազմակերպում որևէ քաղաքական միջոցառում։

Այվազյանն ասել է, որ երեկ «Թումո» են զանգահարել ոստիկանությունից և հարցեր տվել կինոդիտման մասին։ Ոստիկանության զանգի մասին մանրամասներ, սակայն, Այվազյանը հրաժարվել է փոխանցել՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում իրենք առաձին հայտարարությամբ հանդես կգան։

Այն, որ ֆիլմի ցուցադրման քաղաքական ենթատեքստի մասին կազմակերպությանն ասել են ոստիկանությունից, երեկ ակտիվիստների հետ զրույցում հաստատել է «Թումոյի» ներկայացուցիչ, փոխտնօրեն ներկայացած Արամ Նարիմանյանը։

Ինչպես Epress.am-ին պատմել է ֆիլմի ցուցադրման համար Թումանյանի այգի այցելած ծրագրավորող Կարեն Հարությունյանը, Նարիմանյանն ասել է, որ իրենց ոստիկաններն են «օգնել» հասկանալ, թե ցուցադրումը քաղաքական է և պետք է այն թույլ չտալ։

Ֆիլմի ցուցադրումն արգելելուց հետո հավաքվածները հանրային քննարկում են կազմակերպել։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները նշել են, որ «Թումոն» չէր կարող չիմանալ, թե ֆիլմն իրենք են ցուցադրելու։

«Նարիմանյանն ասաց, որ քաղաքական բաներ չեն կարող թողնել։ Ասում եմ՝ բա որ սկզբից պայմանավորվում էիք, ինչի՞ չէիք հարցնում՝ ինչ ֆիլմ ա, ինչ քննարկում, եթե տենց սկզբունք ունեք։ Ասաց՝ դե հիմա տենց ա եղել, ասում եմ՝ վատ եք արել, ցինիկ ձևով ասում ա՝ հա, վատ ենք արել, հարցեր կա՞ն»,- պատմել է Կարեն Հարությունյանը։

Լուսանկարը՝ Tumo.org