Home / Տեսանյութեր / Կառավարությունը պաշտոնապես ավելացրեց ջրառը Սևանից

Կառավարությունը պաշտոնապես ավելացրեց ջրառը Սևանից

Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող հողերի ջրամատակարարման նպատակով կառավարությունը 25 մլն խորանարդ մետրով ավելացրել է ջրառը Սևանա լճից՝ այն հասցնելով թույլատրելի 270 մլն խոր. մետրի: Այս մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշվել է, որ այս տարին հատկապես չորային է, ոռոգման խնդիրը՝ անհետաձգելի: Նիստին մասնակցող բնապահպան Կարինե Դանիելյանն առաջարկել է մասնագիտական խումբ ձևավորել և ուսումնասիրել հարցը, որովհետև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված այս խնդիրն ամեն տարի հրատապ է լինելու: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը դեմ չի եղել անհրաժեշտության դեպքում խմբի ստեղծմանը և ընդգծել է սակավաջրության պայմաններում ջրի խնայողության կարևորությունը, նշված է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշենք, որ, համաձայն փորձագետ Արամ Գրիգորյանի, նման որոշում ավելի վաղ էր կայացվել գաղտնի կերպով։ Իր մտահոգությունների մասին Գրիգորյանը բարձրաձայնել էր դեռևս հուլիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։