Home / Հայաստան / ՀԱԿ-ը դատապարտում է Սերժ Սարգսյանի վարչախմբի հարձակումը ԶԼՄ-ների վրա․ հայտարարություն

ՀԱԿ-ը դատապարտում է Սերժ Սարգսյանի վարչախմբի հարձակումը ԶԼՄ-ների վրա․ հայտարարություն

Ամբողջ աշխարհում աղբյուրի խորհրդապահության ինստիտուտը համարվում է լրագրողական մասնագիտության անկյունաքարերից մեկը և մեծ հաշվով լրագրության իմաստը: Այս մասին ասված է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է Հատուկ քննչական ծառայության գործողություններին, որը դիմել է դատարան՝ նպատակ ունենալով պարտավորեցնել ilur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին՝ բացահայտել մայիսի 7-ին հրապարակված տեղեկատվության աղբյուրը: Համաձայն այդ տեղեկատվության, Շիրակի մարզի ոստիկանապետը բռնություն էր գործադրել հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

ՀԱԿ-ն ընդգծում է, որ եթե չլիներ աղբյուրի խորհրդապահության ինստիտուտը, այսօր աշխարհի որևէ երկրում բացահայտված չէին լինի և հասարակությունների սեփականությունը չէին դառնա իշխանությունների կողմից գործված հանցանքների, ապօրինությունների և իշխանազանցությունների մասին բազում փաստեր: Աղբյուրի բացահայտման անհրաժեշտություն կարող է առաջանալ բացառապես ազգային անվտանգությանն առնչվող իրավիճակներում, երբ դրա բացահայտումը կարող է կանխել տվյալ պետության կամ հասարակության համար էլ ավելի վտանգավոր հետևանքներ:

«Սերժ Սարգսյանի ղեկավարած վարչախմբի կողմից իրավական առումով անգրագետ և լկտի հարձակումը վերը նշված լրատվամիջոցների վրա ունի մեկ նպատակ. կասեցնել կամ հնարավորինս բարդացնել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող ԶԼՄ-ների կողմից նույն վարչախմբի գործած հանցանքների ու ապօրինությունների հրապարակայնացումն ու լուսաբանումը, ինչպես նաև վախեցնելու միջոցով հետ պահել մյուս լրատվամիջոցներին նմանօրինակ գործունեությունից: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված այս արշավը և կոչ է անում Հայաստանի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և լրագրողական ընկերակցություններին սատար կանգնել թիրախ դարձած լրատվամիջոցներին», – նշված է կուսակցության հայտարարության մեջ: