Home / Հայաստան / ԵՏՄ-ին անդամակցելը չի խանգարի Հայաստանին համագործակցել ԵՄ-ի հետ․ վարչապետ

ԵՏՄ-ին անդամակցելը չի խանգարի Հայաստանին համագործակցել ԵՄ-ի հետ․ վարչապետ

Հայաստանը շարունակելու է ակտիվ համագործակցությունը Եվրամիության հետ՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների գործընթացին նոր ուժ հաղորդելու նպատակով: Այս մասին երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Վերջինս ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը որևէ կերպ չի անդրադառնա նաև Վրաստանի հետ գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վրա: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը կարող են օգուտ քաղել տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցելու հանգամանքից:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես վստահություն է հայտնել, որ երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցությունը որևէ արգելք չի հանդիսանա հայ-վրացական տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության վրա: Վրաստանի վարչապետը նշել է, որ տարբեր միավորներին անդամակցության հնարավորությունը Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան օգտագործել ի օգուտ երկու երկրների: Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ դա լավ օրինակ կհանդիսանա միջազգային հանրության համար:

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները պայմանավորվել են շարունակել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի շինարարության և արդիականացման, ինչպես նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր կամրջի շինարարության աշխատանքները: Կողմերը պայմանավորվել են նոր կամուրջը կոչել Բարեկամության կամուրջ։

Անդրադառնալով հայ-վրացական էներգետիկ համագործակցությանը՝ երկու երկրների էներգետիկ բնագավառների ղեկավարները տեղեկացրել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցել ոչ թե 400՝ այլ 500 մեգավատ լարման հզորությամբ, ինչը կստեղծի էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման լավ հնարավորություն։ Մասնավորապես, էլեկտրահաղորդիչ գծի կառուցման առաջին փուլի ավարտից հետո Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը ներկայիս 200 մեգավատի փոխարեն կհասնի 300-ի:

ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում գերմանական KfW բանկի հետ` երկրորդ փուլի աշխատանքները 2018 թվականին ավարտելու համար, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը կհասնի 700 մեգավատի:

Զրուցակիցները քննարկել են նաև Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների գործարկման, ինչպես նաև մշակութային բնագավառում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր: