Home / Հայաստան / Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է Ռուսաստանի «ուղիղ ներխուժման» մասին

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է Ռուսաստանի «ուղիղ ներխուժման» մասին

Ուկրաինայի տարածքում ռուսական մարդասիրական շարասյան՝ զինված անջատողականների ուղեկցությամբ տեղաշարժը Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գնահատում է որպես Ռուսաստանի կողմից «ուղղակի ներխուժում»։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական բեռնատարերը Ուկրաինայի տարածքով շարժվում են դեպի Լուգանսկ՝ զինված անջատողականների ուղեկցությամբ։

«Մենք ապահովում ենք մարդասիրական բեռի ու այն ուղեկցող անձանց անվտանգությունը։ Շարասյան շարժը գտնվում է զինված ուժերի վերահսկողության տակ»,- հայտարարել են նրանք։

Նշենք՝ այսօր առավոտյան Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է սկսել մարդասիրական շարասյան շարժը Լուգանսկի ուղղությամբ ու նախազգուշացնում է առաքելությունը խանգարելու փորձեր չկատարել։ Այս մասին հայտարարությունը տեղադրվել է նախարարության պաշտոնական կայքում։

«Նման անօրենությունն ու բացահայտ սուտն այլևս չի կարելի հանդուրժել։ Հումանիտար աղետի տարածքում գտնվող մարդկանց օգնություն հասցնելը ձգձգելու բոլոր արդարացումներն սպառվել են։ Ռուսական կողմը որոշել է գործել։ Մարդասիրական օգնությամբ մեր շարասյունն սկսում է իր շարժը Լուգանսկի ուղղությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։