Home / Հայաստան / Ինչու է կառավարությունը շտապում պետականացնել Մարզահամերգային համալիրը․ Փաստինֆո

Ինչու է կառավարությունը շտապում պետականացնել Մարզահամերգային համալիրը․ Փաստինֆո

Այսօր կեսօրին՝ ժամը 13:00-ին, ավարտվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի համար հայտարարված աճուրդի ժամեկտը, գրում է «Փաստինֆո» գործակալությունը՝ նշելով, որ ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքի համաձայն՝ առ այս պահը համալիրը գնելու որևէ առաջարկ չի ստացվել:

Աճուրդի ավարտից անմիջապես հետո կսկսվի արդեն ՄՀՀ-ն պետականացնելու գործընթացը, քանի որ ՀՀ կառավարությունն իր՝ օգոստոսի 21-ի նիստում պետությանն ունեցած պարտքի դիմաց այն սեփականատիրոջից հետ վերցնելու որոշում էր կայացրել

Ըստ օրենքի՝ եթե գույքը չի վաճառվում, հերթական հաջորդ աճուրդը կարող է հայտարարվել 3 աշխատանքային օր հետո: Այսինքն՝ կառավարությունը կարող էր այդ որոշումը կայացնել արդեն աճուրդի ավարտից հետո` առաջիկա հինգշաբթի օրը նախանշված նիստում:

«Փաստինֆո»-ի հարցին, թե ինչով է պայմանավորում գործադիրի նման շտապողականությունը, ՄՀՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը պատասխանել է. «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նրանք ամեն կերպ փորձում են խնդիրը լուծել, որովհետև այնպիսի մի փակուղի է մտել, որ ո’չ աջ կգնաս այդ պայմանագրով, ո’չ՝ ձախ»:

Գրիգորյանի խոսքով՝ կառավարության հետ կնքված վարկային պայմանագիրը նախատեսում է նաև մարման ժամկետը երկարաձգելու իրավունք, սակայն այդ կետից օգտվելու հնարավորություն ՄՀՀ-ի ղեկավարությանը կառավարությունը չի տվել:

«Մենք փորձեցինք օգտվել մեր այդ իրավունքից, սա շատ կոնկրետ ձևով ուղղակի մերժվեց: Մերժվեց ինչի՞ համար, որովհետև որքան երկար է մնում այդ պայմանագիրն ուժի մեջ, այնքան բոլորին ակնհայտ երևում է, որ պետբյուջեից կորել է 25 մլն դոլար»,- ասել է Գրիգորյանը` ակնարկելով պետական բյուջեին ունեցած իրենց պարտքը, որ վերջին 2 տարիների բյուջեում չի արձանագրվել:

«Մենք խնդրել են անգամ պարտքի գումարը ճշտել, ֆինանսների նախարարությունը պատասխանում է` աննպատակահարմար ենք համարում պարտքի գումարը ճշտելը, որոհետև դիմել ենք դատարան: Լավ եք արել, որ դիմել եք, բայց պարտքի գումարը դուք պարտավոր եք ճշտել, չէ՞ որ դա բավականին մեծ գումար է, և մի փոքր շեղումն էական տարբերություն է տալիս»,- ասել է հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ու հավելել. «Մութ գործարք են արել, ու հիմա ինչ-որ ձև են ման գալիս՝ արագ, հապճեպ այդ վիճակից դուրս գալու: Ես հասկանում եմ, որ հիմա կառավարությունն ընկել է կրակը՝ նախկին կառավարության արածի համար»: