Home / Հայաստան / ՀՀ օմբուդսմենը խոսում է հայաստանցու դին վերադարձնելու մասին․ Հայաստանը պահում է ադրբեջանցու դիակը

ՀՀ օմբուդսմենը խոսում է հայաստանցու դին վերադարձնելու մասին․ Հայաստանը պահում է ադրբեջանցու դիակը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին՝ իր մտահոգությունը հայտնելով «Ադրեբջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումերի և սպանությունների, մասնավորապես, 2014թ. օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած և մեկ օր անց սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի դեպքի առթիվ»:

ՀՀ օմբուդսմենի գրասենյակի հաղորդմամբ` ադրբեջանական կողմը հրապարակավ նվաստացրել ու խոշտանգել է հոգեկան առողջության ակնհայտ խնդիր ունեցող Պետրոսյանին՝ նրան ներկայացնելով որպես «դիվերսանտ»:

«Դրան հետևել է Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ Պետրոսյանը հանկարծամահ է եղել «սրտային անբավարարությունից»: Մինչդեռ, ըստ Պետրոսյանի բժշկական քարտի, վերջինս եղել է ֆիզիկապես լիովին առողջ:

Կարեն Պետրոսյանի սպանությունից 17 օր անց ադրբեջանական կողմը դիակը դեռ չի հանձնել Հայաստանին: Ես հիմնավոր կասկածներ և մտավախություն ունեմ, որ Պետրոսյանի դիակի հանձնման ձգձգումը խոշտանգման հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդում: Նույն կերպ 2010թ. Ադրբեջանում գերության մեջ սպանվեց քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանը, իսկ մեկ այլ քաղաքացիական անձ Մամիկոն Խոջոյանը 2014թ. մահացավ Ադրբեջանում խոշտանգվելու հետևանքով, հայրենիք վերադառնալուց հետո:

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար, Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի և Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ Էլմիրա Սուլեյմանովան մինչ օրս որևէ դիրքորոշում չի հայտնել Կարեն Պետրոսյանի սպանության վերաբերյալ: Ակնկալելի էր Սուլեյմանովայի նման պահվածքը, քանի որ նույն այդ պաշտոնյան ողջունել էր իր հայրենակից Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականին քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի գլխատումը կացնահարման միջոցով՝ ոճրագործի գործողություններն անվանելով «հայրենասիրության օրինակ երիտասարդների համար»», – իր նամակում նշում է Անդրեասյանը։

Վերջինս կոչ է անում ՄԱԿ-ի ներկայացուցչին «հանդես գալ Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, նպաստել Կարեն Պետրոսյանի դիակի՝ Հայաստան տեղափոխմանը և սպանության համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը»:

Նշենք, որ հայկական կողմն իր մոտ է պահում հուլիսին ԼՂՀ-ում սպանված Հասան Հասանովի դին։ Համաձայն հայկական կողմի, Հասանովը դիվերսանտ է․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ վերջինս, ինչպես նաև ձերբակալված Դիլգամ Ասքերովն ու Շահբազ Գուլիևը, երկրի զինված ուժերի հետ որևէ կապ չունեն։

Նախորդ շաբաթ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակ Զառա Ամատունին Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ, ըստ միջազգային մարդասիրական իրավունքի, զոհվածների աճյունները պետք է հայրենիք վերադարձվեն առանց որևէ նախապայմանների։

«Այդ մասին կոնվենցիաները ստորագրել է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը»,- ասել էր Զառա Ամատունին։