Home / Հայաստան / Պորոշենկոն լուծարեց Ուկրաինայի խորհրդարանը

Պորոշենկոն լուծարեց Ուկրաինայի խորհրդարանը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ՝ օգոստոսի 25-ին, վաղաժամ լուծարել է երկրի խորհրդարանը՝ Գերագույն ռադան։ Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հաջորդ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 26-ին ու հիշեցրել, որ Ռադայի պատգամավորները սատարում էին նախկին նախագահ, երկրից փախուստի դիմած Վիկտոր Յանուկովիչին։

«Ռադայի ներկայիս կազմը մեկուկես տարի սատարում էր Յանուկովիչին։ Հենց այս պատգամավորների մեծամասնությունն է ընդունել բռնապետական օրենքներ, որոնք Երկնային հարյուրի (Մայդանում մահացած մարդիկ – խմբ․) կյանք են խլել։ Նրանք դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ թե քրեական, թե քաղաքական»,- նշել է նա։

Ցեգոլկոյի խոսքով՝ Ռադայի արդյունավետության մակարդակը ծայրահեղ ցածր էր։

«Արդյոք հնարավոր է հաղթել պատերազմում, երբ պատգամավորները հազիվ են 232 ձայն հավաքել՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնավար շրջանները ահաբեկչական կազմակերպությունների ճանաչելու համար»,- գրել է մամուլի քարտուղարը։

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ արտահերթ ընտրությունները երկրի համար պատասխանատվությունից չեն ազատում Գերագույն ռադային, ու պատգամավորները պետք է սեպտեմբերին վավերացնեն Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ։